Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է երկու նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից


Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է երկու նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից

  • 30-09-2011 15:44:27   | Հայաստան  |  Մշակույթ
 Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) բացօթյա Խանջյան հարթակում տեղադրվել են երկու նոր բրոնզե քանդակներ` բրիտանացի արվեստագետ Դեյվիդ Բրոյեր-Վեյլի հեղինակած “Այցելուն” 2011թ., որը ստեղծվել է Ջերարդ Գաֆէսճեանի պատվերով հատուկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղադրվելու համար, եւ “Ծածանը”, որը 2000 թվականին հեղինակել է ֆրանսիացի արվեստագետ Ֆրանսուա-Քսավիե Լալանը: Այս երկու քանդակներն ընդլայնում են Գաֆէսճեան քանդակների պարտեզում եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին: Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենզան, Բարրի Ֆլանագանը եւ Լին Չեդվիքը: Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մաս կազմող քանդակների տեղադրումը Կասկադ համալիրում կատարվել է պարոն Գաֆէսճեանի նախագծով: Դեյվիդ Բրոյեր-Վեյլը բրտիտանացի քանդակագործ է(ծնվ. 1965թ.): “Այցելուն” արվեստագետի կողմից ստեղծված առաջին մոնումենտալ քանդակն է, որը համալրում է արվեստագետի բրոնզե քանդակների նոր շարքը: “Այցելուն” կարելի է դիտարկել իբրեւ մարդկության կղզի` ֆիգուրի ամբողջականացումը թողնելով դիտողի երեւակայությանը: Քանդակի մակերեսին թողնված արվեստագետի մատնահետքերը ուռճեցված են` ուժգնացնելով ստեղծագործության զգայական ազդեցությունը: Ֆրանսուա-Քսավիե Լալանը (1927 - 2008) սկսել է իր ստեղծագործական ուղին Մոնպարնասում` բնանկարներից եւ դիմանկարներից: Ֆրանսուա-Քսավիե Լալանի քանդակներն առանձնանում են աբսուրդի հատուկ շեշտադրությամբ: Համաչափությունը խախտված է, ուրվագծերն ու մանրամասերը` պարզեցված: Արտառոց մասշտաբի եւ ենթատեքստի շնորհիվ “Ծածանի” պես քանդակները կարծես ոչ թե բնություն են պատկերում, այլ գրականություն, հեքիաթ: Լալանի կենդանիները զվարճալի են եւ զարմանալի: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնը կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի լայնածավալ հավաքածուն: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play