Նաիրա Զոհրաբյան. Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձեւը «բավականաչափ պոզիտիվ է»


Նաիրա Զոհրաբյան. Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձեւը «բավականաչափ պոզիտիվ է»

  • 11-10-2011 18:39:34   | Հայաստան  |  Քաղաքական
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 5-ին ընդունած «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւը, ի համեմատ խնդրի վերաբերյալ նախկինում ընդունվածների, «բավականաչափ պոզիտիվ է»: Հոկտեմբերի 11-ի ասուլիսում այս կարծիքը հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: «Վերջին քաղաքական զարգացումներին տրված են բավականաչափ ճշգրիտ դրական գնահատականներ, իհարկե, պահպանելով որոշակի մտահոգություններ, ինչը նաեւ մեր պատվիրակության անդամներն իրենց ելույթներում հայտնել են», -ասաց նա: Ն.Զոհրաբյանի պարզաբանմամբ, ինքը ելույթում շատ է կարեւորել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, «որովհետեւ դրանց անցկացումից, իրապես եւ մեծապես, մեր ժողովրդավարացման ճանապարհին շատ բան է կախված»: Պատգամավորը նշեց նաեւ, որ անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքին, ինչին անդրադարձ կա նաեւ բանաձեւում. «Այո’, մենք բարելավել ենք ԸՕ-ը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ կարելի է կատարելության հասցնել ցանկացած օրենսգիրք, բայց, իհակե, կարեւորն այն կատարելու քաղաքական կամքն է»: Նշվեց նաեւ, որ ընդունված բանաձեւը նախնական նախագծի համեմատ էական փոփոխություններ չի կրել. «մի քանի խմբագրական փոփոխություններ են կատարվել»: Ըստ Ն.Զոհրաբյանի, մասնավորապես, մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված նշված է, որ 2008թ-ի մարտի 1-2-ի դեպքերի էջը կարելի է համարել փակված, այդուհանդերձ Վեհաժողովի ուշադրության կենտրոնում է շարունակելու մնալ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված պարտավորությունների մշտադիտարկումը: Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացրեց, որ, իր եւ «ՀՅԴ» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կողմից բանաձեւի նախագծի վերաբերյալ նախապես ներկայացված 5 առաջարկներից 2-ը մերժվել են, իսկ 3-ի վերաբերյալ «մասամբ փոխզիջման տարբերակը աշխատեց, եւ գնացին ձեւակերպումների ավելի մեղմմանը»: Մասնավորապես, մերժվել է բանաձեւի նախագծից 2008 թվականի մարտի 1-ի փակման վերաբերյալ կետը հանելու առաջարկը: Ըստ Զ.Փոստանջյանի, որպես փոխզիջումային տարբերակ ավելացվել է մեկ նախադասություն, որ Վեհաժողովը շարունակելու է հետեւել 10 զոհերի սպանության քննությանը` չթուլացնելով իր ուշադրությունը: «Շատ մտահոգիչ էր նաեւ այն դրույթը, որ մնաց ընդունված բանաձեւում, եւ արդեն ընդունված փաստաթուղթ է, ըստ որի կոչ էր արվում ընտրությունների եւ ընտրական արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանող հայտարարություններ չարվեն»,-ասաց Զ.Փոստանջյանը` ընդգծելով, որ, իրենց կարծիքով, «հայտարարությունների տեսքով չէ, որ կարող է ընտրությունների նկատմամբ անվստահություն լինի»: ԵԽԽՎ-ում որպես փաստարկ իրենք նշել են. «Եթե չկան ազատ լրատվամիջոցներ, ազատ հեռուստաընկերություններ, ազատ խոսքի իրավունք, այն ԸՕ-ը, որ ընդունվեց, ընդունվեց ոչ թե կոնսենսուսով, այլ ընդունվեց միայն իշխանության ցանկությամբ, սա դեռ լավ պայմաններ չեն, որպեսզի մեզ մոտ տեղի ունենան ազատ ընտրություններ եւ ընտրությունների նկատմամբ լինի վստահություն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play