ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
30-10-2002 16:55:00 | Հայաստան | Մշակույթ
ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 30-ին հայ
մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի վերաբացմամբ
Գյումրիում հանդիսավոր կերպով նշվեց Վարպետի ծննդյան 127-ամյակը:
Միջոցառմանը մասնակցելու համար Գյումրի են ժամանել ՀՀ
մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ռոլանդ
Շառոյանը, քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, մտավորականներ,
արվեստի հայտնի գործիչներ: Ներկա էին նաեւ մեծ բանաստեղծի երկու
թոռները:
Իսահակյանի տուն-թանգարանը, որ հիմնվել է 1975 թ.-ին, գրեթե
ամբողջությամբ վնասվել էր 1988 թ. երկրաշարժից: 90-ականների սկզբին
թանգարանի շենքը հիմնովին քանդվեց` ճարտարապետական նույն ոճով նոր
շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած շինարարությունն
ընդհատվեց` ավելի քան մեկ տասնամյակ: Վերականգնումը` Շիրակի
մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թ. գարնանը:
Թանգարանի շինարարության համար կառավարությունը պետբյուջեից
հատկացրել է 31 մլն դրամ: Թանգարանային ցուցանմուշների արտաքին
տեսքի թարմացման, վերականգնման, թանգարանի ընդհանուր ձեւավորման,
որոշակի կահավորման նպատակով շուրջ 400 հազար դրամի (700 ԱՄՆ
դոլար) ֆինանսական աջակցություն էլ ցուցաբերվել է համայնքի
բյուջեից:
Տուն-թանգարանը վերականգնվել եւ ձեւավորվել է հին ոճով`
այնպես, ինչպես 1957 թ. նկարագրել են Վարպետի հարազատները: