Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` բնապահպանների մասնակցությամբ


Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` բնապահպանների մասնակցությամբ

  • 02-12-2011 18:45:15   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ազգային ժողովի գիւղատնտեսական եւ բնապահպանական ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովների նախաձեռնութեամբ դեկտեմբերի 2-ին հրաւիրուել էին խորհդարանական լսումներ` քննարկելու «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրէնքներում փոփոխութիւններ ու լրացումներ նախատեսող կառավարութեան հեղինակած օրէնսդրական փաթեթը: Ըստ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, լինելով արտահերթ նիստի օրակարգային հարց` փաթեթը խորհրդարանում քննարկուել, սակայն քուէարկութեան չէր դրուել: ԱԺ բնապահպանական եւ գիւղատնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Խաչիկ Յարութիւնեանի ներկայացմամբ` պատճառը նախագծերի վերաբերեալ թէ խորհրդարանում եւ թէ հասարակական սեկտորում ձեւաւորուած հակասական կարծիքներն էին: Ընդգրկուն ձեւաչափով` պատգամաւորների, բնապահպանութեան նախարարի եւ մասնագէտների, գիտնականների, ինչպէս նաեւ հասարակական ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ քննարկումների արդիւնքում, յանձնաժողովի նախագահի խօսքերով, լսելի կը դառնան բոլորի կարծիքները, ինչը կը նպաստի փաթեթն ամբողջական եւ լիարժէք դարձնելուն: Բնապահպանութեան նախարարութեան ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչեանը ներկաներին ծանօթացրել է 1995 թ. ընդունուած օրէնքում առաջարկուող հիմնական փոփոխութիւններին` դրանք հիմնաւորելով կիրառման ընթացքում ի յայտ եկած օրէնսդրական բացերը վերացնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան մօտեցումներ ամրագրելու հանգամանքով: Գործող օրէնքում, բանախօսի ներկայացմամբ, բացակայում էն շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման, ռազմավարական էկոլոգիական գնահատման, անդրսահմանային ազդեցութիւններին վերաբերող ընթացակարգերը: Ի թիւս նշուած ընթացակարգերի ներդրման` կառավարութիւնը նախագծում նաեւ դասակարգել է փորձաքննութեան ենթակայ գործունէութեան տեսակները ըստ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան` խմբաւորելով դրանք Ա, Բ, Գ կատեգորիաներում եւ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 60, 40 եւ 30 օր: Այսօր գործում է փորձաքննութեան ժամկէտների միասնական կարգ. բոլորի համար այն 120 օր է: Նախարարութեան ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ գործող օրէնքով փորձաքննութիւնն անց է կացւում նախաձեռնողի ֆինանսաւորմամբ, մինչդեռ նախագծի ընդունման պարագայում այն կ'իրականացուի պետբիւջէի միջոցներով: Բնապահպանների ու նախաձեռնող խմբի անունից շրջանառուած փաթեթի վերաբերեալ անհամաձայնութիւն է ներկայացրել փորձագէտ Արման Վերմիշեանը` նշելով, որ իրենց դիտողութիւնները սկզբունքային էն, ինչով պայմանաւորուած էլ առաջարկում էն նախագծերը հետ տանել եւ օրէնքի նոր նախագիծ մշակել: Արման Վերմիշեանն առաջարկել է այս նախագծերի փոխարէն շրջանառութեան մէջ դնել նոր փաթեթ` կից այլ օրէնքներում փոփոխութիւններով ու ենթաօրէնսդրական ակտերով: Նաեւ` այն ուղարկել Օրհուսի համապատասխանութեան կոմիտէ` ստանալու փորձագիտական եզրակացութիւն: Թէ պատգամաւորների, թէ բնապահպանների հարցադրումներում ու ելոյթներում մտահոգութիւններ էն հնչել փորձաքննութեան ժամկէտները նուազեցնելու, գործընթացը պարզեցնելու եւ արագ կազմակերպելու վերաբերեալ` նշելով, որ նախատեսուած ժամկէտները բաւարար չէն նեղ մասնագիտական ուսումնասիրութիւններ կատարելու եւ եզրակացութիւններ տալու համար: Նշուել է նաեւ որոշումները բողոքարկելու առաւել ճկուն պայմաններ եւ վիճահարոյց նախաձեռնութիւնները կասեցնելու հնարաւորութիւն ստեղծելու անհրաժեշտութիւնը: Բնապահպանները խօսել են նաեւ շտապողականութեան պայմաններում ապօրինութիւնների հնարաւոր վտանգի մասին` պատասխանատուների ուշադրութիւնը հրաւիրելով վերջին շրջանում աղմակահարոյց մի քանի գործերի վրայ: Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը լսումների վերջում անհրաժեշտ ու հիմնաւորուած է համարել օրէնքը փոփոխելու` կառավարութեան նախաձեռնութիւնը: Անհամաձայնութիւնների վերաբերեալ նա նկատել է` սպասում էն բոլորի առաջարկութիւններին ու դիտողութիւնների, որոնք քննարկումից յետոյ կարտացոլուէն լրամշակուած փաթեթում: Նախարարը նկատել է, որ բնապահպանութեան ոլորտում շատ էն մասնագիտացուած Հկ-ները, որոնց հետ համագործակցութեան արդիւնքում կբարելաւուէն նախագծերը: ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Խաչիկ Յարութիւնեանը եւս առաջարկները քննարկելու եւ Հկ-ների կարծիքները հաշուի առնելու պատրաստակամութիւն է յայտնել:
  -   Հասարակութիւն