Վասիլի Աթաջանեանը ընդունել է Ֆրանտիշէկ Միկլոշկոյի գլխաւորած պատուիրակութեանը


Վասիլի Աթաջանեանը ընդունել է Ֆրանտիշէկ Միկլոշկոյի գլխաւորած պատուիրակութեանը

  • 13-02-2012 21:31:02   |   |  Քաղաքական
Փետրուարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթաջանեանը ընդունել է Սլովակիայի Հանրապետութեան կրթական եւ ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատուիրակութեանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշէկ Միկլոշկոյի գլխաւորութեամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանեանը համառօտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմութիւնը, ղարաբաղեան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլը եւ պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումը: «Ցաւօք, Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի պատմական մի հատուածը, հարկադրաբար ներառուել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մէջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մէջ գտնուելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչութեանը երկրից վտարելու քաղաքականութիւնըէ,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտօնակատարը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, նա նշել է նաեւ, որ Խսհմ-ի փլուզումից յետոյ ԼՂՀ ժողովրդին յաջողուել է հռչակել կատարեալ իրաւական հիմքի վրայ անկախ պետութիւն եւ կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակութիւն: Անդրադառնալով հակամարտութեան կարգաւորման գործընթացին, Վասիլի Աթաջանեանը նշել է պաշտօնական Բաքուի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստօրէն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խօսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխաւոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Վասիլի Աթաջանեանը պատասխանել է հիւրերի հարցերին` կապուած տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունէութեան տարբեր ոլորտներում առկայ իրավիճակի հետ: Պատուիրակութեան անդամները հանդէս էն եկել կոնկրէտ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար: Վասիլի Աթաջանեանը շնորհակալութիւն է յայտնել Ֆրանտիշէկ Միկլոշկոյին եւ պատուիրակութեան անդամներին, ինչպէս նաեւ այցի կազմակերպչին` Եւրոպայի Հայկական Միութիւնների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորեանին, ղարաբաղեան ժողովրդի արդար պայքարի հետեւողական եւ բաց աջակցութեան համար, նրանց յանձնելով յուշանուէրներ:
  -   Քաղաքական