Էդուարդ Նալբանդեանի պաշտօնական այցը Սինգապուր


Էդուարդ Նալբանդեանի պաշտօնական այցը Սինգապուր

  • 29-02-2012 12:03:59   |   |  Մամլո հաղորդագրություն

Պաշտօնական այցելութեամբ Սինգապուրում գտնուող ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանին փետրուարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետութեան Նախագահ Թօնի Թան Կեն Եամը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Սինգապուրի ղեկավարը նշեց. «հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմութեան մէջ եւ մեծ ներդրում ունեցել պետութեան զարգացման գործում, ինչի վառ վկայութիւնն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդէայ ծաղիկը անուակոչուած է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անուամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հէնց քրիստոնեայ հայերըէ: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` նախարար Նալբանդեանը Սինգապուրի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջոյններն ու բարեմաղթանքները: Նախարար Նալբանդեանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի աւագ նախարար Լի Կվան Իւի այցելութիւնը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների յարաբերութիւններում, եւ վստահութիւն յայտնեց, որ Նախագահ Թօնի Թան Կեն Եամի հրաւէրով ՀՀ Նախագահի պետական այցելութիւնը Սինգապուր նոր թափ կը հաղորդի երկու երկրների միջեւ բարեկամական փոխգործակցութեան զարգացմանը: Սինգապուրի Նախագահը խնդրեց Նախագահ Սերժ Սարգսեանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախութեամբ եւ ամենայն ջերմութեամբ են սպասում երկկողմ յարաբերութիւնների պատմութեան ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելութեանը: Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը, տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները, ներդրումային ոլորտում փոխգործակցութիւնը, մտքէր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Նոյն օրը տեղի ունեցան Էդուարդ Նալբանդեանի եւ Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջեւ բանակցութիւնները, որոնց օրակարգում էին ՀՀ Նախագահի Սինգապուր այցելութեան նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները: Նախարար Շանմուգամն ընդգծեց, որ դիւանագիտական յարաբերութիւնների քսանամեակի տարում բարեկամ Հայաստանի Նախագահի առաջին այցելութիւնը Սինգապուր խորհրդանշական է եւ այն նոր լիցք կը հաղորդի երկկողմ համագործակցութեան զարգացմանը: Հայաստանի եւ Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրաւապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչուող հարցերի, պայմանաւորուեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր: Սինգապուրի ԱԳ նախարարը եւս մեծապէս կարեւորեց սինգապուրահայ համայնքի դերակատարութիւնը իր երկրի զարգացման գործում: Նախարար Նալբանդեանը շնորհակալութիւն յայտնեց Սինգապուրում հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ հոգատար վերաբերմունքի համար: Զրուցակիցները հանգամանալից մտքէր փոխանակեցին մի շարք միջազգային կարեւորութեան խնդիրների` ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ: Հանդիպմանը անդրադարձ կատարուեց նաեւ Ասէան-ի շրջանակներում իրականացուող համագործակցութեանը: Նախարար Նալբանդեանը` սինգապուրցի գործընկերոջը ներկայացրեց կովկասեան տարածաշրջանում անվտանգութեան եւ համագործակցութեան հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկուող քայլերը, արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը: Քննարկումները շարունակուեցին ՀՀ ԱԳ նախարարի պատուին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրուած պաշտօնական ընթրիքի ընթացքում: Սինգապուրում Էդուարդ Նալբանդեանն այցելեց նաեւ 1835թ. հիմնադրուած Հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցաւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդեանին տեղեկացրեցին իրենց գործունէութեան ոլորտների, հայապահպանութեան եւ Սինգապուրում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման մասին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, աւարտելով այցելութիւն Սինգապուր` Էդուարդ Նալբանդեանը նոյն օրը ուղեւորուեց Երեւան:
  -   Մամլո հաղորդագրություն