Պետական գոյքի կառավարումը կը դառնայ բուհական կրթութեան բաղադրիչ


Պետական գոյքի կառավարումը կը դառնայ բուհական կրթութեան բաղադրիչ

  • 06-03-2012 13:13:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԱՅ պետական գոյքի կառավարման վարչութեան եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ սկսուել է երկարաժամկէտ գործակցութեան ծրագիր, որի մեկնարկը տրուել է այսօր. համագործակցութեան պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱՅ պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորիւն Աթոյեանը: Ըստ փաստաթղթի, մասնաւորապէս, առաջին անգամ Հայաստանում պետական գոյքի կառավարումը` որպէս մասնագիտութիւն, կը դառնայ բուհական կրթութեան բաղադրիչ, ինչը թոյլ կը տայ երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագէտներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին եւ աջակցել համալսարանի շրջանաւարտներին` մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում: «Մենք կարեւորում ենք ՀՀ ԿԱՅ Պետական գոյքի կառավարման վարչութեան եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը եւ սրանով սկիզբ առնող համագործակցութիւնը: Վստահ եմ, որ այն երկարատեւ եւ փոխարդիւնաւէտ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գոյքի կառավարումը` որպէս մասնագիտութիւն, կը դառնայ բուհական կրթութեան բաղադրիչ եւ դա` ձեր համալսարանում: Պետական գոյքի կառավարման վարչութիւնը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան եւ յատկապէս այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագէտների, պրոֆէսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել յատկապէս Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցութեան շնորհիւ». յայտարարել է Պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանը: Համալսարանում կը ներդրուի մագիստրոսական կրթական ծրագիր` «Պետական գոյքի կառավարում?» մասնագիտացմամբ: Կողմերը համատեղ կը քննարկեն ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Վարչութեան փորձառու աշխատակիցները եւս համալսարանի պրոֆէսորադասախօսական կազմի հետ կը ներգրաւուեն կրթական ծրագրում: Ըստ ՀՀ ԿԱՅ ՊԳԿ վարչութեան մամուլի քարտուղարի մամլոյ հաղորդագրութեան, համատեղ կը հրատարակուեն դասագրքեր եւ այլ ուսումնամեթոդական նիւթեր, կը կազմակերպուեն եւ կ'անցկացուեն համատեղ գիտաժողովներ, սեմինարներ եւ քննարկումներ: Պետական գոյքի կառավարման վարչութիւնը որոշակի ժամանակացոյցով բուհի ուսանողների եւ պրոֆէսորադասախօսական կազմի համար կը կազմակերպի բաց դռների օր` Վարչութեան գործառոյթները եւ համակարգի բարեփոխումները ներկայացնելու նպատակով: Դրանք հիմնականում ուղղուած են պետական գոյքի կառավարման արդիւնաւէտութեան մեծացմանը: Ուսանողները նաեւ պրակտիկայի հնարաւորութիւն կ'ունենան ՊԳԿ համակարգում: Թէեւ համաշխարհային տնտեսութիւնն առաւելապէս մասնաւոր սեփականութեան եւ դրա իրաւունքի վրայ է կառուցուած, պետական սեփականութեան դերը դրանից չի նուազում: Զարգացող երկրների շարքում` Հայաստանում եւս մասնաւորեցման զանգուածային գործընթացնէր են տեղի ունեցել, իսկ ետմասնաւորեցման շրջանում ոլորտի մարտահրաւէրները պետական գոյքի արդիւնաւէտ կառավարման դաշտում են: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նաեւ շատ պետութիւնների ստիպել է վերանայել մօտեցումները պետական ու մասնաւոր սեփականութեան հարցերում: Պետական գոյքի կառավարման որակեալ մասնագէտների պատրաստումը թոյլ կը տայ համակարգում աւելի ճկուն լուծումներ մշակել եւ պետական գոյքն առաւելագոյնս ծառայեցնել հասարակութեան շահերին:
  -   Մամլո հաղորդագրություն