• 24-03-2012 18:26:26   | Հայաստան  |  Քաղաքական
20 տարի առաջ այս օրը Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդակցութեան Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրուեց ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման Մինսկի գործընթացին, որի արդիւնքում ձեւաւորուեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահութիւնը, որի առաքելութիւնն է բանակցութիւնների միջոցով` միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների հիման վրայ, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը: Մինսկի խմբի համանախագահութիւնն` ի դէմս Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի, միջազգային հանրութեան կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղեան հիմնախնդրով զբաղուող միջնորդական միակ կառոյցն է: Մինսկի խմբի համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտութեան գօտում լարուածութեան թուլացման, կողմերի միջեւ բանակցութիւնների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման սկզբունքների մշակման գործում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, համանախագահները արդիւնաւէտ համագործակցում են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարութիւն ունեցող էահկ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Եռանախագահների ջանքերի շնորհիւ մշակուեց սկզբունքների եւ տարրերի ամբողջութիւնը, որպէս հիմք հիմնախնդրի կարգաւորման համար եւ որոնք արտացոլուեցին Նախագահներ Մեդուեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ Ութնեակի լ'աքուիլայի, Մուսկոկայի եւ Դովիլի գագաթաժողովների շրջանակներում կատարուած համատեղ յայտարարութիւններում: ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցութիւն վայելող Ռուսաստանի Նախագահի հետեւողական ջանքերը, որոնք ուղղուած էին հիմնարար սկզբունքների վերաբերեալ կողմերի դիրքորոշումների մօտեցմանը, որոշակի արդիւնք տուեցին: սակայն, չնայած միջազգային հանրութեան ակնկալիքներին եւ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, Նախագահ Մեդուեդեւի նախաձեռնութեամբ Կազանում կազմակերպուած հանդիպումը բեկումնային չեղաւ: Եթէ մինչ այսօր չի յաջողուել բէկում արձանագրել հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդ ուղղութեամբ պակաս ջանքեր են գործադրուել, այլ կողմերից մէկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը յաջորդաբար մերժում է համանախագահների կողմից արուող առաջարկները, որը չի հրաժարւում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտութեան բուն կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Հայաստանը, հաւատարիմ մնալով ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորմանը, բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի, կողմից գործադրուող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզուած է, որ հէնց այս ձեւաչափով իրականացուող միջնորդական ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի հասնել ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
  -   Քաղաքական