Էդուարդ Շարմազանովը կարեւորեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների համագործակցուած աշխատանքը


Էդուարդ Շարմազանովը կարեւորեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների համագործակցուած աշխատանքը

  • 04-04-2012 16:25:40   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունեց տարբեր երկրների առեւտրաարդիւնաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հիւրերին, կարեւորեց տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցուած աշխատանքը: Նա նկատեց, որ թէեւ հինգ տարի է, ինչ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը, բայց, միջազգային փորձը հաշուի առնելով, այժմ լուրջ հիմքեր են ստեղծուած այս կառոյցի յետագայ զարգացման ու ակտիւ գործունէութեան համար: Նա բարձր գնահատեց այս գործում Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամաւոր Մարտին Սարգսեանի ներդրած ջանքերը: ԱԺ փոխնախագահը հաւաստիացրեց, որ հայաստանի խորհրդարանը այս ոլորտի օրէնսդրական կարգաւորման ուղղութեամբ ջանք չի խնայել ու այսուհետեւ էլ պատրաստակամ է համապատասխան օրէնքներում կատարել անհրաժեշտ լրամշակումներ` արբիտրաժային դատարանների ինքնուրոյն ու անկախ զարգացման նպատակով: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, պատուիրակութեան անդամները բարձր գնահատեցին Երեւանում կազմակերպուած կոնֆերանսի արդիւնքներն ու հայաստանի իշխանութիւնների, մասնաւորապէս` օրէնսդիր մարմնի ջանքերը արբիտրաժային դատարանների կայացման գործում: Նրանց գնահատմամբ, կոնֆերանսում կարեւորուել է այս կառոյցի անկախ գործունէութիւնը, համապատասխան օրէնքներում դրա համար անհրաժեշտ իրաւական նորմերի ամրագրումը, ինչը խթան կարող է լինել գործարարութեան ու ներդրումային քաղաքականութեան զարգացման համար եւ ոլորտում առկայ վէճերի օբյեկտիւ լուծման հիմք դառնալ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաւաստիացրեց, որ Հայաստանի իշխանութիւններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք անելու այնպէս, որ արբիտրաժային եւ պետական դատարանների միջեւ յարաբերութիւնները լինեն միջազգայնօրէն ընդունուած անհրաժեշտ մակարդակի վրայ եւ չլինեն անհարկի միջամտութիւններ արբիտրների կայացրած որոշումների վրայ: Ինչ վերաբերում է հարցի օրէնսդրական կարգաւորմանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած նոր խորհրդարանը, աժ փոխնախագահի կարծիքով, անպայման կ'անդրադառնայ այդ հարցին եւ կը տայ անհրաժեշտ լուծումներ:
  -   Քաղաքական