Մի քանի բարեկարգ բակեր` Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում


Մի քանի բարեկարգ բակեր` Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում

  • 13-06-2012 18:17:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսաւորութեամբ բացել է նոր, յարմարուետ ու խաղային ատրակցիոններով կահաւորուած մի շարք բակեր: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ Կուրղինեան 7 շէնքի բնակիչների հաւաստմամբ համալիր բարեկարգուած բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջութեամբ փոխուել են եզրաքարերը, սալապատուել են ճեմուղիները, տեղադրուել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար յարմարաւէտ ժամանակակից խաղային ատրակցիոններ: Քաղաքապետը շրջել է բակում, ծանօթացել կատարուած աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Բակի բնակիչներն իրենց գոհունակութիւնն են յայտնել Տարօն Մարգարեանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գօտի ունենալուն եւ այսօր այդ երազանքն իրականութիւն է դարձել: Երեւանի քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկայ տարիների ընթացքում կը բարեկարգուեն երեւանեան բոլոր բակերը: Անդրանիկի 114,118, ինչպէս նաեւ Շերամի 83,85, շէնքերի բակում եւս օրը տօնական ու սպասուած էր: Այստեղ էլ հանդիսաւորութեամբ բնակիչներին են յանձնուել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահաւորուած ու արտաքին լուսաւորութեամբ ապահովուած մի շարք բակեր: Յատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարօն Մարգարեանի կոչին եւ շահագործման յանձնուած բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցուել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Նորակառոյց բակային տարածքներում, որպէս պարտադիր պայման առանձնակի ուշադրութիւն է դարձուել նաեւ կանաչ գօտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովուել են նաեւ ոռոգման նոր համակարգով: Րաֆֆու 45,47 եւ 49 շէնքերի բակում Տարօն Մարգարեանը մասնակցել է նաեւ կազմակերպուած ծառատունկին: Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացուել են, ինչպէս համայնքային միջոցների հաշուին, այնպէս էլ մասնաւոր ներդրողների մասնակցութեամբ, ինչը եւս քաղաքապետարան-մասնաւոր հատուած համագործակցութեան լաւագոյն օրինակներից է: Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետ Տարօն Մարգարեանը մէկ անգամ եւս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական եւ հետեւողականօրէն իրականացուելու է բոլոր վարչական շրջաններում. <<2012թ.-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մենք լայն թափով սկսեցինք բակերի բարեկարգման աշխատանքները, ինչի արդիւնքում Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանում արդէն որոշ բակեր յանձնեցինք բնակիչների տնօրինմանը: Շնորհաւորելով Մասլաթիա-սեբաստիայի բոլոր բնակիչներին, վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական ու մի քանի տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կը բարեկարգենք բոլոր բակերն ու կը յանձնենք բնակիչներին>>,-նշել է քաղաքապետը: Շրջայցից յետոյ քաղաքապետ Տարօն Մարգարեանը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Անդրադառնալով բնակչութեան կողմից բարձրացուած խնդիրներին, Տարօն Մարգարեանը կարեւորել է յատկապէս վերելակային տնտեսութեան արդիականացման խնդիրը. <<21-րդ դարում ուղղակի անթոյլատրելի է չաշխատող վերելակը բազմաբնակարան շէնքում: Մայրաքաղաքի վերելակային տնտեսութիւնն արդիականացման կարիք ունի եւ պահանջում է համալիր մօտեցում: Խնդրին համակարգուած լուծում տալու համար քաղաքապետարանն այսօր ներդրումային միջոցներ ներգրաւելու ծրագրեր է մշակում վերելակային տնտեսութեան կառավարումը մասնաւոր ներդրողների միջոցով իրականացնելու համար>>, ընդգծել է Տարօն Մարգարեանը: Քաղաքապետը յորդորել է նաեւ հետեւողական ուշադրութեան կենտրոնում պահել սեփական եկամուտների հաւաքագրման գործընթացը, շեշտելով, որ այդ մասով եկամուտների աճն իր հերթին կարող է լրացուցիչ հնարաւորութիւն ընձեռել քաղաքային ծրագրերի հետ մէկտեղ աւելացնելու իրականացուող բարեկարգման աշխատանքների ծաւալները: <<Ժամանակին զուգընթաց աւելանում են նաեւ բնակչութեան պահանջները, ինչն էլ մեզ պարտաւորեցնում է վերանայել մօտեցումներն ու համայնքային բիւջէին զուգահեռ, ներգրաւել նաեւ ներդրումային միջոցներ ու յարմարաւէտ ապրելակերպ ապահովել երեւանցիների համար>>,-շեշտել է Տարօն Մարգարեանը:
  -   Տնտեսութիւն