Մանկական նոր այգի` Երեւանում


Մանկական նոր այգի` Երեւանում

  • 15-06-2012 17:25:46   | Հայաստան  |  

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցութեամբ հանդիսաւորութեամբ բացուել է վարչական շրջանի Մանկական այգին: Հանգստի այս գօտու բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարօն Մարգարեանը բնակիչներին տուել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպուած ծառատունկի ժամանակ: Ծրագրի համաձայն ամբողջութեամբ բարեկարգուել ու կահաւորուել է այգու ողջ` 1,5 հա տարածքը: Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխուել են նաեւ արտաքին լուսաւորման եւ ոռոգման համակարգերը: Լայնածաւալ աշխատանքներ են իրականացուել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղութեամբ, իսկ տեղադրուած նոր նստարանները, զրուցարաններն ու խաղային նոր ատրակցիոններն էլ արդէն ծառայում են իրենց նպատակին. <<Մանկական այգին իրականում գտնւում էր շատ վատ վիճակում: Տասնեակ տարիներ անխնամ մնալու արդիւնքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի 2012թ-ի շինբարեկարգման ծրագրով եւ մասնաւոր հատուածի հետ համագործակցութեան արդիւնքում մեզ յաջողուեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու յանձնել բնակիչներին>>,-նշել է Տարօն Մարգարեանը: Բնակիչներն իրենց գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն են յայտնել քաղաքապետին տասնեակ տարիներ անմխիթար վիճակում գտնուող այգին վերակառուցելու համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապէս առաջնահերթ խնդիր է իրենց համար: Քաղաքապետն էլ յորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել այն ամէնը, ինչը ստեղծւում է բնակիչների յարմարաւէտութիւնն ապահովելու համար: Շրջայցի շրջանակում Տարօն Մարգարեանը այցելել է նաեւ Արցախի 8 եւ Աթոյեան անցուղի 18 շէնքերի բակերում կառուցուած նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարուած աշխատանքը, հանդիսաւորութեամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գօտիները: Բնակիչներն իրենց գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն են յայտնել Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքում օրէցօր աւելացող բարեկարգ ու յարմարաւէտ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխութիւնների համար: Տարօն Մարգարեանն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մօտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երեւան>> ծրագրի շրջանակում առաջիկայ տարիների ընթացքում կը բարեկարգուեն երեւանեան բոլոր բակերը. <<Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականութեան արդիւնքում այսօր քայլեր են տարւում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու ուղղութեամբ: Մենք մօտ ժամանակներս արդէն ականատես կը լինենք նաեւ այդ հանգստի գօտիների բացմանը: Իսկ ընդհանրապէս, որպէս առաջնահերթութիւն, մեր խնդիրն է համաչափ զարգացում ապահովել ողջ Երեւան քաղաքում>>,-շեշտել է քաղաքապետը: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարօն Մարգարեանը հետեւել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում արդէն աւարտին մօտեցող խաղահրապարակներից մէկի բարեկարգման ընթացքին, որից յետոյ այցելել է Ջրաշենի առաջին եւ երրորդ փողոցնէր` տեղում ծանօթանալու ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շուրջ 400 մ երկարութիւն ունեցող գրունտային այս ճանապարհն առաջին անգամ է ասֆալտապատուելու: Քաղաքապետը յանձնարարել է լուրջ ուշադրութիւն դարձնել աշխատանքների կատարման ընթացքին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ շրջայցից յետոյ քաղաքապետ Տարօն Մարգարեանը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու յանձնարարել խստօրէն հետեւել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգուած կազմակերպմանն ու դրանք սահմանուած ժամկէտներում եւ որակով իրականացմանը:
  -