Վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացուեց 0.5 տոկոսային կէտով եւ սահմանուեց 8.25 տոկոս


Վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացուեց 0.5 տոկոսային կէտով եւ սահմանուեց 8.25 տոկոս

  • 14-03-2011 19:49:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը մարտի 4-ի նիստում որոշել է բարձրացնել ԿԲ վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը 0.5 տոկոսային կէտով` սահմանելով այն 8.25%: Լոմբարդային ռեպոյի եւ ներգրաւուած միջոցների տոկոսադրոյքները սահմանուել էն համապատասխանաբար 11.25% եւ 5.25%: Նշենք, որ ԿԲ-ի խորհուրդը փետրուարի 8-ի նիստում վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը դարձեալ բարձրացրել էր 0,5%-ով՝ սահմանելով այն 7.75%: Ըստ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մարտի 14-ին տարածած հաղորդագրութեան, նիստում ներկայացուել է իրավիճակային հաշուետուութիւն, քննարկուել էն գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբիւջետային եւ դրամավարկային հատուածների ընթացիկ զարգացումները: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն, ընթացիկ տարուայ փետրուարին նախորդ ամսուայ նկատմամբ արձանագրուել է 1.9% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ ցուցանիշը աճել է նախորդ ամսուայ նոյն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կէտով` կազմելով 12.4%: Փետրուարին կրկին գերակայել է գների ընդհանուր աճին պարէնային ապրանքների գների փոփոխութեան ազդեցութիւնը. աճը կազմել է 1.6% (նպաստումը գնաճին` 0.9 տոկոսային կէտ), որը մեծամասամբ պայմանաւորուել է «Հացամթերք» ապրանքախմբի գնի 3.0% (նպաստումը գնաճին` 0.4 տոկոսային կէտ) ու «Բանջարեղէն եւ կարտոֆիլ» ապրանքախմբի գնի 6.8% (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կէտ) աճերով: Փետրուարն աչքի է ընկել ծառայութիւնների սակագների աննախադէպ բարձր աճով` 3.4%, որը նպաստել է գնաճին 1.0 տոկոսային կէտով: Ծառայութիւնների կառուցուածքում բարձր աճ է արձանագրուել բուժսպասարկման (նպաստումը գնաճին` 0.7 տոկոսային կէտ) եւ տրանսպորտի (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կէտ) ծառայութիւնների սակագների գծով: Մակրոտնտեսական իրավիճակի շարունակական բարելաւման արդիւնքում, յունուարին տնտեսական ակտիւութեան ցուցանիշը (ՏԱՑ) աճել է տ/տ 7.7%-ով: Վերջինս հիմնականում պայմանաւորուել է արդիւնաբերութեան ճիւղի թողարկման ծաւալների 5.7%, շինարարութեան 0.9% եւ ծառայութիւնների 9.4% աճերով: Յունուարին գիւղատնտեսութեան ճիւղում արձանագրուել է թողարկման ծաւալների անկում` 2.4%, որը գրեթէ ամբողջութեամբ պայմանաւորուել է բուսաբուծութեան եւ անասնապահութեան ենթաճիւղերում դիտուած համապատասխանաբար 17.7% եւ 2.7% նուազումներով: Յունուարին մետաղների գների բարձր մակարդակի պահպանման եւ արդիւնաբերութեան աճի պայմաններում ապրանքների արտահանման (ՖՕԲ) ծաւալների աճը կազմել է տ/տ 21.3%, ինչն ուղեկցուել է ապրանքների ներմուծման (ՍԻՖ) ծաւալների տ/տ 1.7%-ով նուազմամբ: Յունուարին գրանցուել է ոչ առեւտրային փոխանցումների զուտ ներհոսքի տ/տ 35.0% աճ: Նիստում ներկայացուել էն նաեւ ֆինանսական շուկայի փետրուար ամսուայ զարգացումները: Ամսուայ ընթացքում ԿԲ վերաֆինանսաւորման տոկոսադրոյքի բարձրացման պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսուայ համեմատ մինչեւ 1 տարի մարման ժամկէտայնութեամբ պարտատոմսերի միջին տոկոսադրոյքն աճել է 0.28 տոկոսային կէտով` կազմելով 8.82%, իսկ միջին ժամկէտայնութեամբ պարտատոմսերի տոկոսադրոյքը` 0.31 տոկոսային կէտով` կազմելով 13.83%: Միջբանկային եւ ներբանկային ռեպոյ շուկաներում միջին տոկոսադրոյքը յունուարի նկատմամբ աճել է 0.45 տոկոսային կէտով` կազմելով 8.27%, իսկ միջբանկային ռեպոյ շուկայի միջին տոկոսադրոյքը` 0.28 տոկոսային կէտով` կազմելով 7.48%: 2011 թ. փետրուարին արտարժոյթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժէքը նախորդ ամսուայ համեմատ դրսեւորել է հետեւեալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժէզրկուել է` կազմելով 365.06 դրամ, Եւրոյի նկատմամբ արժէզրկուել է 2.04 %-ով` կազմելով 498.61 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժէզրկուել է 2.56 %-ով` կազմելով 12.48 դրամ: Տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումն իր արտայայտութիւնն է գտել դրամավարկային ցուցանիշների վարքագծում: Այսպէս, փետրուարի վերջի դրութեամբ փողի եւ դրամային բազաներն աճել էն 3.2%-ով, որի պարագայում արձանագրուել է փողի զանգուածի նկատմամբ դրամային զանգուածի առաջանցիկ աճ` համապատասխանաբար` 2.8% եւ 4.3%: Դրամային աւանդների 5.4% եւ արտարժութային աւանդների 1% աճերի արդիւնքում տնտեսութեան դոլարացման մակարդակը նախորդ ամսուայ նկատմամբ նուազել է 1.8%-ով: Վարկաւորման ծաւալները նախորդ ամսուայ նկատմամբ աւելացել էն 1.5%-ով: Ամսական նման զարգացումներն արտացոլուել էն դրամավարկային ցուցանիշների 12-ամսեայ փոփոխութիւններում. փողի զանգուածի աճը կազմել է 13.1%, դրամային զանգուածի աճը` 19.6%, փողի բազայի աճը` 4.7%: Դրամային աւանդների 33.7% եւ արտարժութային աւանդների 6.0% աճերի պայմաններում դոլարացման մակարդակը նուազել է 6.3%-ով: Չնայած դրամավարկային պայմանների խստացմանը, դեռեւս պահպանւում էն ֆինանսական համակարգի կողմից տնտեսութեան վարկաւորման աճի բարձր տեմպերը` փետրուարի վերջի դրութեամբ կազմելով տ/տ 29.4%: ԿԲ խորհուրդը` քննարկելով արտաքին եւ ներքին զարգացումները, դրամավարկային քաղաքականութեան ուղղութիւնները, արձանագրել է, որ 2011 թ. փետրուարին եւս շարունակուել էն պարէնային եւ հումքային ապրանքների միջազգային գների աճի միտումները: Բացի այդ, պայմանաւորուած մի շարք նաւթ արդիւնահանող երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներով եւ պարէնային ապրանքների շուկաներում ստեղծուած լարուածութեամբ, միջազգային շուկաներում արձանագրուել է հումքային եւ պարէնային ապրանքների գների աճ, ինչի ազդեցութեամբ շատ երկրներում դիտուել է գնաճի արագացում: Վերջինս պարագայում շատ զարգացող երկրների կենտրոնական բանկեր վերաֆինանսաւորման տոկոսադրոյքների բարձրացմանը զուգահեռ կիրառում էն գնաճի զսպման աւելի խիստ միջոցներ (Ռուսաստանն ու Չինաստանը փոխել էն պարտադիր պայուստաւորման մեխանիզմը), իսկ մի շարք զարգացած երկրներ արդէն սկսել էն խօսել տոկոսադրոյքների բարձրացման անհրաժեշտութեան մասին: Խորհուրդը մտահոգութիւն է յայտնել գնաճային միջավայրի ընդլայնման կապակցութեամբ, ինչի շարունակականութիւնը պայմանաւորուած է պարէնային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում արձանագրուած վերոնշեալ զարգացումներով, 2010 թ. գիւղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանուող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցութիւնների ուժգնացման եւ գնաճային սպասումների աւելացման երեւոյթներով: Գնաճային գործօնների համատեքստում Խորհրդի կողմից քննարկուել է նաեւ բուժսպասարկման ծառայութիւնների սակագների աճը, որն իրականացուած ռեֆորմների շրջանակներում համավճարման մեխանիզմի ներդրման արդիւնք է եւ ունի միանգամեայ ազդեցութեան բնոյթ: Ըստ էութեան, այդ գործընթացում բուժծառայութիւն ստացողների վճարումները չէն աւելացել, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայութիւնը, ըստ գնաճի հաշուարկման գործող կարգի, արձանագրել է գնաճ դրա ազդեցութեամբ, որն իրաւամբ պարզապէս «գնաճ է թղթի վրայ»: Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ տնտեսութեան զարգացման փաստացի եւ կանխատեսուող միտումները առաջիկայ ժամանակահատուածում համախառն պահանջարկի վերականգնման առումով ձեւաւորելու էն չափաւոր գնաճային ճնշումներ: Խորհուրդը միակարծիք է, որ, ըստ էութեան, իրականանում էն 2011 թ. առաջին եռամսեակի Դրամավարկային քաղաքականութեան ծրագրում նախանշուած ռիսկերը, որի պարագայում առաջնային անհրաժեշտութիւն է մնում դրամավարկային պայմանների խստացման շարունակումը` նպատակաուղղուած կանխատեսուող ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսուած եւ փաստացի ցուցանիշների միջեւ շեղման վերացմանը, գնաճի երկրորդային ազդեցութիւնների մեղմմանը եւ սպասումների խարսխմանը: Դրամավարկային պայմանների խստացումը, պարտադիր պայուստաւորման մեխանիզմում կատարուած փոփոխութիւնների եւ հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում պետական այլ կառոյցների աջակցութեան հետ մէկտեղ, իրական նախադրեալներ կը ստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կէսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
  -   Տնտեսութիւն