Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով եւ սահմանվեց 8.25 տոկոս


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով եւ սահմանվեց 8.25 տոկոս

  • 14-03-2011 19:49:03   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը մարտի 4-ի նիստում որոշել է բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25%: Լոմբարդային ռեպոյի եւ ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 11.25% եւ 5.25%: Նշենք, որ ԿԲ-ի խորհուրդը փետրվարի 8-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձյալ բարձրացրել էր 0,5%-ով՝ սահմանելով այն 7.75%: Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության մարտի 14-ին տարածած հաղորդագրության, նիստում ներկայացվել է իրավիճակային հաշվետվություն, քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային եւ դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 12.4%: Փետրվարին կրկին գերակայել է գների ընդհանուր աճին պարենային ապրանքների գների փոփոխության ազդեցությունը. աճը կազմել է 1.6% (նպաստումը գնաճին` 0.9 տոկոսային կետ), որը մեծամասամբ պայմանավորվել է «Հացամթերք» ապրանքախմբի գնի 3.0% (նպաստումը գնաճին` 0.4 տոկոսային կետ) ու «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» ապրանքախմբի գնի 6.8% (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ) աճերով: Փետրվարն աչքի է ընկել ծառայությունների սակագների աննախադեպ բարձր աճով` 3.4%, որը նպաստել է գնաճին 1.0 տոկոսային կետով: Ծառայությունների կառուցվածքում բարձր աճ է արձանագրվել բուժսպասարկման (նպաստումը գնաճին` 0.7 տոկոսային կետ) եւ տրանսպորտի (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ) ծառայությունների սակագների գծով: Մակրոտնտեսական իրավիճակի շարունակական բարելավման արդյունքում, հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է տ/տ 7.7%-ով: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի թողարկման ծավալների 5.7%, շինարարության 0.9% եւ ծառայությունների 9.4% աճերով: Հունվարին գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է թողարկման ծավալների անկում` 2.4%, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է բուսաբուծության եւ անասնապահության ենթաճյուղերում դիտված համապատասխանաբար 17.7% եւ 2.7% նվազումներով: Հունվարին մետաղների գների բարձր մակարդակի պահպանման եւ արդյունաբերության աճի պայմաններում ապրանքների արտահանման (ՖՕԲ) ծավալների աճը կազմել է տ/տ 21.3%, ինչն ուղեկցվել է ապրանքների ներմուծման (ՍԻՖ) ծավալների տ/տ 1.7%-ով նվազմամբ: Հունվարին գրանցվել է ոչ առեւտրային փոխանցումների զուտ ներհոսքի տ/տ 35.0% աճ: Նիստում ներկայացվել են նաեւ ֆինանսական շուկայի փետրվար ամսվա զարգացումները: Ամսվա ընթացքում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ մինչեւ 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.28 տոկոսային կետով` կազմելով 8.82%, իսկ միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքը` 0.31 տոկոսային կետով` կազմելով 13.83%: Միջբանկային եւ ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը հունվարի նկատմամբ աճել է 0.45 տոկոսային կետով` կազմելով 8.27%, իսկ միջբանկային ռեպո շուկայի միջին տոկոսադրույքը` 0.28 տոկոսային կետով` կազմելով 7.48%: 2011 թ. փետրվարին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսեւորել է հետեւյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվել է` կազմելով 365.06 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.04 %-ով` կազմելով 498.61 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.56 %-ով` կազմելով 12.48 դրամ: Տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումն իր արտահայտությունն է գտել դրամավարկային ցուցանիշների վարքագծում: Այսպես, փետրվարի վերջի դրությամբ փողի եւ դրամային բազաներն աճել են 3.2%-ով, որի պարագայում արձանագրվել է փողի զանգվածի նկատմամբ դրամային զանգվածի առաջանցիկ աճ` համապատասխանաբար` 2.8% եւ 4.3%: Դրամային ավանդների 5.4% եւ արտարժութային ավանդների 1% աճերի արդյունքում տնտեսության դոլարացման մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.8%-ով: Վարկավորման ծավալները նախորդ ամսվա նկատմամբ ավելացել են 1.5%-ով: Ամսական նման զարգացումներն արտացոլվել են դրամավարկային ցուցանիշների 12-ամսյա փոփոխություններում. փողի զանգվածի աճը կազմել է 13.1%, դրամային զանգվածի աճը` 19.6%, փողի բազայի աճը` 4.7%: Դրամային ավանդների 33.7% եւ արտարժութային ավանդների 6.0% աճերի պայմաններում դոլարացման մակարդակը նվազել է 6.3%-ով: Չնայած դրամավարկային պայմանների խստացմանը, դեռեւս պահպանվում են ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը` փետրվարի վերջի դրությամբ կազմելով տ/տ 29.4%: ԿԲ խորհուրդը` քննարկելով արտաքին եւ ներքին զարգացումները, դրամավարկային քաղաքականության ուղղությունները, արձանագրել է, որ 2011 թ. փետրվարին եւս շարունակվել են պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների աճի միտումները: Բացի այդ, պայմանավորված մի շարք նավթ արդյունահանող երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներով եւ պարենային ապրանքների շուկաներում ստեղծված լարվածությամբ, միջազգային շուկաներում արձանագրվել է հումքային եւ պարենային ապրանքների գների աճ, ինչի ազդեցությամբ շատ երկրներում դիտվել է գնաճի արագացում: Վերջինս պարագայում շատ զարգացող երկրների կենտրոնական բանկեր վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանը զուգահեռ կիրառում են գնաճի զսպման ավելի խիստ միջոցներ (Ռուսաստանն ու Չինաստանը փոխել են պարտադիր պահուստավորման մեխանիզմը), իսկ մի շարք զարգացած երկրներ արդեն սկսել են խոսել տոկոսադրույքների բարձրացման անհրաժեշտության մասին: Խորհուրդը մտահոգություն է հայտնել գնաճային միջավայրի ընդլայնման կապակցությամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում արձանագրված վերոնշյալ զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման եւ գնաճային սպասումների ավելացման երեւույթներով: Գնաճային գործոնների համատեքստում Խորհրդի կողմից քննարկվել է նաեւ բուժսպասարկման ծառայությունների սակագների աճը, որն իրականացված ռեֆորմների շրջանակներում համավճարման մեխանիզմի ներդրման արդյունք է եւ ունի միանգամյա ազդեցության բնույթ: Ըստ էության, այդ գործընթացում բուժծառայություն ստացողների վճարումները չեն ավելացել, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ գնաճի հաշվարկման գործող կարգի, արձանագրել է գնաճ դրա ազդեցությամբ, որն իրավամբ պարզապես «գնաճ է թղթի վրա»: Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման փաստացի եւ կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում համախառն պահանջարկի վերականգնման առումով ձեւավորելու են չափավոր գնաճային ճնշումներ: Խորհուրդը միակարծիք է, որ, ըստ էության, իրականանում են 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը, որի պարագայում առաջնային անհրաժեշտություն է մնում դրամավարկային պայմանների խստացման շարունակումը` նպատակաուղղված կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված եւ փաստացի ցուցանիշների միջեւ շեղման վերացմանը, գնաճի երկրորդային ազդեցությունների մեղմմանը եւ սպասումների խարսխմանը: Դրամավարկային պայմանների խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունների եւ հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում պետական այլ կառույցների աջակցության հետ մեկտեղ, իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play