Հաստատուել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի<br /> 2011թ.-ի գործունէութեան ծրագիրը<br />


Հաստատուել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
2011թ.-ի գործունէութեան ծրագիրը

  • 15-02-2011 18:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի փետրուարի 15-ի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ներկայացուել է հիմնադրամի 2010թ.-ի գործունէութեան հաշուէտւութիւնը: ՀՍՆՀ գործադիր տնօրէն Աշոտ Կիրակոսեանը խորհրդի անդամներին զեկուցել է, որ հաշուետու տարուայ աշխատանքներում ընդգրկուած են եղել հանրապետութեան բոլոր մարզերը. քաղաքային եւ գիւղական համայնքներից ստացուել են ծրագրերի առաջարկներ, որոնց իրականացման նպատակով համաձայնագիր է կնքուել 47 համայնքների հետ: 20 ծրագիր գտնւում է նախագծային եւ կապալառուների ընտրութեան մրցութային փուլում, եւս 29 ծրագրերում իրականացւում են շինարարական աշխատանքները: Նշուվել է, որ 2010թ.-ի ընթացքում շինարարական աշխատանքներն աւարտուել են 56 ծրագրերում` մօտ 3 միլիարդ դրամ ընդհանուր արժէքով: Դրանց շահառուների թիւը 537 հազար մարդ է, մէկ շահառուին ընկնող միջին արժէքը` 5491 դրամ: 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ` ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագրի աւարտուած ենթածրագրերի թիւը 197 է` շուրջ 10,2 միլիարդ դրամ արժէքով, ընդ որում դրանց 44 տոկոսը հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին առնչուող ծրագրեր են: 2010թ.-ի ընթացքում դպրոցական կահոյքի մատակարարման համար կնքուել է 5 պայմանագիր, ինչի արդիւնքում 60 դպրոցների յատկացուել է 9056 միաւոր դպրոցական կահոյք: Մէկ այլ պայմանագրով հիմնադրամի ծրագրերում ընդգրկուած 10 գիւղերի մշակոյթի տների/համայնքի կենտրոնների դահլիճների կահաւորման համար յատկացուել են 2388 փափուկ աթոռներ: Հաշուետու ժամանակահատուածում հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպուել են դասընթացներ, որոնց ընթացքում ՀՀ բոլոր մարզերի 105 համայնքների 515 ներկայացուցիչներ, այդ թւում` համայնքապետեր եւ ֆինանսական պատասխանատուներ, վերապատրաստվել են ֆինանսական կառավարման, բիւջէի կազմման, հարկային եւ գոյքային կառավարման ոլորտներում: Հիմնադրամի գործադիր տնօրէնը անդրադարձել է նաեւ տեղական, միջազգային եւ բարեգործական կազմակերպութիւնների հետ համագործակցութեան շարունակականությանը, որի նպատակը համայնքներում ներդրումներ կատարելու հարցում հիմնադրամի ծրագրերին ֆինանսական աջակցութեամբ սատարելն է: Մասնաւորապէս, 2010թ.-ի ընթացքում 55 ծրագրերի իրականացման համար համայնքները ներդրել են 164,4 մլն դրամ, ընդ որում` այդ գումարի 52 տոկոսն անհատոյց նուիրաբերել են միջազգային կազմակերպութիւններն ու սփիւռքահայ բարերարները: Նշուվել է, որ հայաստանեան գործարարների անունից կատարուված դրամական ներդրումները կազմել են 16,4 մլն դրամ: 2010թ.-ի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրուել է վարկային համաձայնագիր, ըստ որի Սոցիալական ներդրումների հիմնադրամի Ծրագրին յատկացուել է երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը` 7 մլն ԱՄՆ դոլար գումարով: Այդ գումարի գերակշիռ մասն ուղղուել է Երեւանից դուրս գտնուող տնտեսական ու սոցիալական մի շարք ցուցանիշների հիման վրայ ըստ կարիքավորման աստիճանի խմբավորված առաւել խոցելի համայնքներին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ՀՍՆՀ-ի հոգաբարձուների խորհուրդն ի գիտութիւն է ընդունել հիմնադրամի գործադիր տնօրէնի զեկոյցը 2010թ.-ի գործունէութեան վերաբերեալ եւ հաստատել ՀՍՆՀ-ի 2011թ.-ի գործունէութեան ծրագիրը:
  -   Տնտեսութիւն