Հաստատվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի<br /> 2011թ.-ի գործունեության ծրագիրը<br />


Հաստատվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
2011թ.-ի գործունեության ծրագիրը

  • 15-02-2011 18:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի փետրվարի 15-ի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ներկայացվել է հիմնադրամի 2010թ.-ի գործունեության հաշվետվությունը: ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդի անդամներին զեկուցել է, որ հաշվետու տարվա աշխատանքներում ընդգրկված են եղել հանրապետության բոլոր մարզերը. քաղաքային եւ գյուղական համայնքներից ստացվել են ծրագրերի առաջարկներ, որոնց իրականացման նպատակով համաձայնագիր է կնքվել 47 համայնքների հետ: 20 ծրագիր գտնվում է նախագծային եւ կապալառուների ընտրության մրցութային փուլում, եւս 29 ծրագրերում իրականացվում են շինարարական աշխատանքները: Նշվել է, որ 2010թ.-ի ընթացքում շինարարական աշխատանքներն ավարտվել են 56 ծրագրերում` մոտ 3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց շահառուների թիվը 537 հազար մարդ է, մեկ շահառուին ընկնող միջին արժեքը` 5491 դրամ: 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագրի ավարտված ենթածրագրերի թիվը 197 է` շուրջ 10,2 միլիարդ դրամ արժեքով, ընդ որում դրանց 44 տոկոսը հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին առնչվող ծրագրեր են: 2010թ.-ի ընթացքում դպրոցական կահույքի մատակարարման համար կնքվել է 5 պայմանագիր, ինչի արդյունքում 60 դպրոցների հատկացվել է 9056 միավոր դպրոցական կահույք: Մեկ այլ պայմանագրով հիմնադրամի ծրագրերում ընդգրկված 10 գյուղերի մշակույթի տների/համայնքի կենտրոնների դահլիճների կահավորման համար հատկացվել են 2388 փափուկ աթոռներ: Հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում ՀՀ բոլոր մարզերի 105 համայնքների 515 ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետեր եւ ֆինանսական պատասխանատուներ, վերապատրաստվել են ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային եւ գույքային կառավարման ոլորտներում: Հիմնադրամի գործադիր տնօրենը անդրադարձել է նաեւ տեղական, միջազգային եւ բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությանը, որի նպատակը համայնքներում ներդրումներ կատարելու հարցում հիմնադրամի ծրագրերին ֆինանսական աջակցությամբ սատարելն է: Մասնավորապես, 2010թ.-ի ընթացքում 55 ծրագրերի իրականացման համար համայնքները ներդրել են 164,4 մլն դրամ, ընդ որում` այդ գումարի 52 տոկոսն անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպություններն ու սփյուռքահայ բարերարները: Նշվել է, որ հայաստանյան գործարարների անունից կատարված դրամական ներդրումները կազմել են 16,4 մլն դրամ: 2010թ.-ի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր, ըստ որի Սոցիալական ներդրումների հիմնադրամի Ծրագրին հատկացվել է երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը` 7 մլն ԱՄՆ դոլար գումարով: Այդ գումարի գերակշիռ մասն ուղղվել է Երեւանից դուրս գտնվող տնտեսական ու սոցիալական մի շարք ցուցանիշների հիման վրա ըստ կարիքավորման աստիճանի խմբավորված առավել խոցելի համայնքներին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՍՆՀ-ի հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր տնօրենի զեկույցը 2010թ.-ի գործունեության վերաբերյալ եւ հաստատել ՀՍՆՀ-ի 2011թ.-ի գործունեության ծրագիրը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play