Եւրոպական ներդրումային բանկը Երեւանի մետրոպոլիտէնի վերակառուցման առաջին փուլի համար կը տրամադրի 5 մլն եւրոյ վարկ


Եւրոպական ներդրումային բանկը Երեւանի մետրոպոլիտէնի վերակառուցման առաջին փուլի համար կը տրամադրի 5 մլն եւրոյ վարկ

  • 10-02-2011 16:52:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Ազգային ժողովը վաւերացրեց Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական ներդրումային բանկի միջեւ 2010 թուականի օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրուած «Երեւանի մետրոպոլիտէնի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Ինչպէս յայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը, վարկի տրամադրման պայմանները «բաւականին մեղմ էն». պայմանագրով ներդրումային բանկը Հայաստանին կը տրամադրի 5 մլն եւրոյ վարկ` 15 տարի մարման ժամկէտով, որից 4 տարին արտօնեալ պայմաններով: Ըստ փոխնախարարի, ընդհանուր առմամբ առաջին փուլի համար նախատեսուել է 15 մլն եւրոյ ներդրում, որից 5 մլն-ը կտրուի այս պայմանագրով, եւս 5 մլն-ը` Եւրոպական համայնքների կողմից` որպէս դրամաշնորհ, եւ 5 մլն-ը արդէն իսկ հաստատուած համաձայնագրով կը տրամադրի Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը: Առաջին փուլում նախատեսւում է լուծել Երեւանի մետրոպոլիտէնի անվտանգութեան հարցը, մասնաւորապէս, վերանորոգել մետրոպոլիտէնի շարժակազմը, մաշուած ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, նորացնել պոմպակայանները: Պայմանագրում ամրագրուած է , որ վարկառուն պէտք է մինչեւ 2011թ.-ի աւարտն ապահովի ուղեւարձի բարձրացում մինչեւ 100 տոկոս չափով: Ըստ հիմնական զեկուցողի, այդ պահանջը որոշակի առումով արդարացուած է, քանի որ մետրոպոլիտէնի երթեւեկութեան սակագները չէն փոփոխուել 2003 թ.-ից ի վեր, եւ ներկայումս գործում է 50 դրամ (0.13 ցենտ ) սակագինը, ինչը ԱՊՀ տարածքում ամենացածրն է: Բացի այդ, մետրոպոլիտէնին տրւում էն սուբսիդիաներ եւ կատարւում զգալի ներդրումներ: «Սակագնի բարձրացումը կարող է լինել մաս-մաս կամ միանգամից` դա կ'որոշի համապատասխան պատկան մարմինը»,-ասաց փոխնախարարը:
  -   Տնտեսութիւն