Սերժ Սարգսեանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ
Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտօնական արարողութեանը
25-02-2010 20:56:00 | | Քաղաքական
ԿԻԵՎ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսեանը փետրուարի 25-ին Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր
նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտօնական
արարողութեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան,
Ս.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութեան կազմում են «Բարգաւաճ
Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահի
խորհրդական Անդրանիկ Մանուկեանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ
եւ լիազօր դեսպան Արմէն Խաչատրեանը:
Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողութեան
կապակցութեամբ հրաւիրուած Գերագոյն Ռադայի յատուկ նիստի աւարտից
յետոյ Ս.Սարգսեանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրեայ
պետութիւնների ղեկավարների պատուին Վ.Յանուկովիչի կողմից տրուած
պաշտօնական ընդունելութեանը եւ պաշտօնական ճաշին, շփումներ ունեցել
օտարերկրեայ իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների
հետ:
Ս.Սարգսեանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի
Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման
ընթացքում քննարկուել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների
կարգաւորման գործընթացին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահը մէկ անգամ եւս ներկայացրել է պաշտօնական Երեւանի
մօտեցումները գործընթացի ներկայ փուլի վերաբերեալ եւ նշել, որ
Հայաստանը հաւատարիմ է Թուրքիայի հետ յարաբերութիւններն առանց
նախապայմանների կարգաւորելու սկզբունքին: Ֆ.Գորդոնը վերահաստատել է
Միացեալ Նահանգների աջակցութիւնն այս գործընթացին: Բարձր
գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը
յարաբերութիւնների կարգաւորման բոլոր փուլերում, նա ընդգծել է, որ
արձանագրութիւնների վաւերացումը երկու երկրների խորհրդարաններում,
առանց դրանք գոյութիւն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու,
կարեւոր է յարաբերութիւնների կարգաւորմանը հասնելու համար:
Ս.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնն նոյն օրը ուշ
երեկոյեան կվերադառնայ Երեւան: