Սերժ Սարգսյանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ<br /> Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը<br />


Սերժ Սարգսյանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ
Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը

  • 25-02-2010 20:56:00   | Ուկրաինա  |  Քաղաքական
ԿԻԵՎ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո Ս.Սարգսյանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վ.Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը եւ պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ս.Սարգսյանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆ.Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում, նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար: Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:
Նոյյան տապան  -   Քաղաքական