Ամփոփուել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդիւնքները


Ամփոփուել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդիւնքները

  • 05-05-2011 19:13:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացուող արդէն աւանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2010-2011 ուսումնական տարուայ քաղաքային փուլի մասնակից 1480 աշակերտներից յաղթող են ճանաչուել 57-ը: Երեւանի քաղաքապետարանում մայիսի 5-ին կազմակերպուած հանդիսաւոր արարողութեան շրջանակում քաղաքապետի տեղակալ Վանոյ Վարդանեանը եւ աշխատակազմի հանրակրթութեան վարչութեան պետ Գայիանէ Սողոմոնեանը յաղթողներին են յանձնել Երեւանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ եւ յուշանուէրներ: Ողջունելով օլիմպիադայի յաղթողներին, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթութեան վարչութեան պետը ուրախութեամբ փաստել է, որ տարէցտարի մայրաքաղաքում աւելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիւը. <<Երկիրը ունենալով խելացի, կամային ուժեղ յատկանիշներով սերունդ ապահովում է իր հզօրութիւնը>>,-նշել է Գայիանէ Սողոմոնեանը: 16 առարկաներից անցկացուած օլիմպիադայի մի շարք յաղթողներ, յաղթանակ են գրանցել նաեւ հանրապետական փուլի մրցոյթում: Հանդիսաւոր արարողութեան շրջանակում յուշամեդալներով եւ դիպլոմներով են պարգեւատրուել նաեւ Լեհաստանի Տորուն քաղաքում կայացած <<Կանաչ, կապոյտ աշխարհ>> մրցոյթում յաղթող ճանաչուած <<Յակոբ Կոջոյեան կրթահամալիր>>-ի երկու աշակերտներ: Իսկ յանձնաժողովի նախագահները Երեւանի քաղաքապետի անունից արժանացել են դրամական պարգեւների եւ յուշանուէրների:
  -   Հասարակութիւն