Դաւիթ Յարութիւնեան. Կ'ընդունենք ԸՕ-ի նախագծի վերաբերեալ Վենետիկի յանձնաժողովի առաջարկութիւնների զգալի մասը


Դաւիթ Յարութիւնեան. Կ'ընդունենք ԸՕ-ի նախագծի վերաբերեալ Վենետիկի յանձնաժողովի առաջարկութիւնների զգալի մասը

  • 05-05-2011 16:14:09   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունուած Ընտրական օրէնսգրքի նոր խմբագրութեամբ նախագծի վերաբերեալ նախնական համատեղ եզրակացութեան մէջ Վենետիկի յանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագէտները, ինչպէս եւ Հայաստանի Ընտրական օրէնսգրքի նախորդ նախագծերի դէպքում, համատեղ եզրակացութիւնում ընդգծել էն, որ իրապէս ժողովրդավարական ընտրութիւնների կազմակերպումը պայմանաւորուած չէ միայն համապարփակ ընտրական օրէնսգրքով, այլ` նաեւ քաղաքական կամքով եւ ընտրական օրէնսդրութիւնը բարեխղճօրէն իրականացնելու ցանկութեամբ: Այս կարծիքը նրանք վերահաստատեցին նաեւ մայիսի 5-ին ԱԺ-ում Ընտրական օրէնսգրքի նախագծի վերաբերեալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներում: Եւրոպական փորձագէտները գոհունակութեամբ նշեցին, որ ՀՀ ընտրական օրէնսդրութեան վերաբերեալ իրենց վերջին` այս տարիների ընթացքում թուով 18-րդ, եզրակացութիւնը թարգմանուել եւ տեղադրուել է ԱԺ պաշտօնական կայքէջում: Ուստի նրանք անդրադարձան իրենց առաջարկութիւններից եւ առարկութիւնններից միայն մի քանիսին: Նշուեց, որ, չնայած նախագիծը ներառում է փորձագէտների որոշ առաջարկութիւններ, այդուհանդերձ կան բարելաւման ենթակայ որոշ դրոյթներ: Մասնաւորապէս, դա վերաբերում է ընտրական յանձնաժողովների կազմաւորմանը, այդ թւում ղեկավար պաշտօնների ընտրութեանը, ինչպէս նաեւ թեկնածուների, դիտորդների իրաւունքներին, քարոզարշաւի կանոնակարգմանը, ընտրութիւնների արդիւնքների վերահաշուարկին եւ բողոքարկմանը: Թեկնածուների իրաւունքների մասով փորձագէտները գտնում էն, որ ընտրական գրաւի չափը մեծ է, իսկ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամաւորի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում առաջադրուելու համար սահմանուած բնակութեան եւ ՀՀ քաղաքացիութեան որոշակի ժամկետային պահանջները անհամաչափ էն: Ըստ եւրոպական փորձագէտների, այս դրոյթները եւ երկքաղաքացիների ընտրուելու բացառումը պէտք է վերանայուէն: Ինչ վերաբերում է արտասահմանում գտուող ՀՀ դիւանագիտական եւ հիւպատոսական ներկայացուցչութիւններում ծառայութիւն իրականացնող ՀՀ ընտրողներին եւ նրանց ընտանիքների անդամներին էլեկտրօնային եղանակով քուէարկելու իրաւունքին, ապա, ըստ փորձագէտների, նման եղանակով հեռահար քուէարկութիւնը շատ վիճելի է, քանի որ չի կարող երաշխաւորել գաղտնիութիւնը եւ ենթակայ չէ տեղամասերում իրականացուող դիտարկմանը: Լսումները կազմակերպած ԱԺ պետաիրաւական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանն ընդգծեց, որ միջազգային փորձագէտների կոմից նախագծի մի շարք դրոյթների քննադատութիւնն ընդունելի չէ: Մասնաւորապէս, թեկնածուների առաջադրման համար ներկայացուած բնակութեան եւ ՀՀ քաղաքացիութեան ժամկետային պահանջը սահմանուած է երկրի Սահմանադրութեամբ, եւ վերանայման ենթակայ չէ: Օրինակ, ՀՀ նախագահի թեկնածուն պէտք է առնուազն վերջին 10 տարում հանդիսանայ ՀՀ քաղաքացի եւ նոյնքան մշտապէս բնակուի ՀՀ-ում: «Կան դրոյթներ, որոնք, մեր կարծիքով, կարող էն վտանգել երկրի անվտանգութիւնը»,- ասաց Դ.Յարութիւնեանը` յաւելելով, որ ասուածի վառ օրինակներից մէկն այն դրոյթի քննադատութիւնն է, համաձայն որի Հանրապետութեան նախագահի պաշտօնում չի կարող առաջադրուել երկքաղաքացին, այսինքն` նաեւ այլ երկրի քաղաքացիութիւն ունեցող անձը: ԱԺ մշտական յանձնաժողովի նախագահի համոզմամբ, փորձագէտների մի շարք առարկութիւնները «վատ թարգմանութեան կամ թարգմանութիւնը ճիշտ չընկալելու» արդիւնք էն: Այդուհանդերձ նա վստահեցրեց, որ Վենետիկի յանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը շարունակուելու է: «Այն, որ ԸՕ-ի նախագծի դրոյթների մի զգալի մասը կարող է փոխուել, եւ մենք կ'ընդունենք առաջարկութիւնների զգալի մասը, դա միանշանակ է, սակայն, կարծում եմ, ոչ բոլոր առաջարկութիւնները կ'ընդունենք այն տեսքով, որ առաջարկում է Վենետիկի յանձնաժողովը»,-ասաց Դ.Յարութիւնեանը` յաւելելով, որ աշխատանքային խումբը ներկայումս աշխատում է թուով շուրջ 4 տասնեակ, այդ թւում ընտրական յանձնաժողովների կազմաւորման կարգի, ընտրութիւնների արդիւնքների վերահաշուարկի, փոփոխութիւնների վրայ:
  -   Քաղաքական