Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միութիւնում կբացուի քանդակագործ Բենիկ Պետրոսեանի ցուցահանդէսը<br />


Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միութիւնում կբացուի քանդակագործ Բենիկ Պետրոսեանի ցուցահանդէսը

  • 24-11-2010 18:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակոյթի նախարարութեան յոբելեանական միջոցառումների շրջանակում նշւում է 20-րդ դարի հայ կերպարուեստի ուրոյն դեմքերից մէկի` քանդակագործ Բենիկ Պետրոսեանի, 70-ամեակը: Արժանին մատուցելով արուեստագէտի թողած ստեղծագործական ժառանգութեանը, մշակութասեր հանրութեան սեղանին դրուեց «Բենիկ Պետրոսեան» պատկերազարդ ալբոմը, իսկ նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միութեան ցուցասրահում բացուող ցուցահանդէսը կհամախմբի նրա արուեստի երկրպագուներին եւ պատեհ առիթ կհանդիսանայ մտորելու մանրաքանդակի վարպետի թանգարան ունենալու անհրաժեշտութեան շուրջ: Բենիկ Պետրոյանը (1939-1996թթ.) 20-րդ դարի հայ արուեստի տաղանդաշատ ներկայացուցիչներից է, հազարամեակների խորքից եկող ու սերնդե-սերունդ փոխանցվող վարպետութեան ու փորձի կրողը: Հայ արվեստասերին ներկայանալով իբրեւ մանրաքանդակի հիմնադիր ու անգերազանցելի վարպետ, նա միաժամանակ հիացրեց բազմաժանրությամբ` թողնելով մոնումենտալ եւ հաստոցային քանդակի, դրվագումի, գեղանկարի ու գրաֆիկայի, ձուլածու եւ կոփածո աշխատանքների, խեցեգործութեան մի ստուար ժառանգութիւն: Իր ապրած կարճատեւ կեանքն ասես բաւականացրեց անցնելու առաւել երկարատեւ ստեղծագործական ուղի` շնորհիւ ի վերուստ տրուած շնորհքի, բարձրաճաշակության ու աշխատասիրութեան: Ցուցադրվելով ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նախկին Խորհրդային տարածքում, Ռումինիայում, Հրավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բ.Պետրոսեանն, իր կենդանութեան օրոք, թէ ետմահու, ամէնուր հաստատեց ժամանակակից հայ ստեղծագործողի բարձր պրոֆեսիոնալիզմն ու իր անդաւաճան պատկանելութիւնը հայ քանդակագործության ազգային դպրոցին: Ցանկացած նիւթի հետ նա աշխատեց սիրով` թողնելով 1000-ից աւելի աշխատանքներ քարից, մետաղից, կաւից` դրանք ավանդելով սերունդներին եւ երազելով, որ Հայաստանն ունենայ մանրաքանդակի կենտրոն ու ցուցասրահ:
  -   Մշակոյթ