<br /> Դալիայ Գրիբաուսկայտէ. «Որեւէ միջազգային կազմակերպութիւն չի սատարի ղարաբաղեան խնդրի ռազմական լուծմանը»<br /> <br />



Դալիայ Գրիբաուսկայտէ. «Որեւէ միջազգային կազմակերպութիւն չի սատարի ղարաբաղեան խնդրի ռազմական լուծմանը»

  • 04-05-2011 19:08:02   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանը Լիտուային դիտարկում է որպէս բարեկամ երկիր ու յուսալի գործընկեր։ Հայաստան այցելած Լիտուայի Հանրապետութեան նախագահ Դալիայ Գրիբաուսկայտէի հետ մայիսի 4-ի առանձնազրոյցի աւարտին ԶԼՄ ներկայացուցիչներին այս մասին յայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն, արձանագրելով երկու երկրների անկախացումից ի վեր երկկողմ համագործակցութեան զարգացման դրական դինամիկա։ «Հայաստան-լիտուայ երկխօսութիւնը տարէցտարի զարգանում է, ընդգրկելով համագործակցութեան նորանոր ոլորտներ»,- ասաց ՀՀ նախագահը։ Ս.Սարգսեանն ընդգծեց, որ առանձնազրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց յանձնառութիւնը խորացնել երկկողմ յարաբերութիւնները։ Նա ողջունեց Լիտուայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, գնահատելով դա որպէս համամարդկային արժէքները այսրոպէական շահերից վեր դասելու վկայութիւն։ Հայաստանը գնահատում է Լիտուայի պետականաշինութեան եւ եւրոինտէգրման փորձը, ինչպէս նաեւ յաջողուած մոդել է համարում Բալթեան երկրների համագործակցութիւնը։ Հայաստանը միաժամանակ ափսոսանք է յայտնում, որ հարաւկովկասեան տարածաշրջանում այն կիրառել հնարաւոր չէ Ադրբեջանի «կառուցած» բաժանարար գծերի պատճառով, ինչը ՀՀ նախագահը 21-րդ դարի համար շատ խորթ է համարում։ Հայաստանը կարեւորում է նաեւ Լիտուայի՝ որպէս Էահկ-ում նախագահող երկրի ցանկութիւնը սատարելու ղարաբաղեան խնդրի կարգաւորմանը, շեշտելով հայկական կողմի յանձնառութիւնը հակամարտութիւնը կարգաւորել բացառապէս խաղաղ ճանապարհով։ Սերժ Սարգսեանը ափսոսանք յայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում իրավիճակը սրելու իր քաղաքականութիւնը՝ յաճախակի կրկնելով իր ռազմատենչ յայտարարութիւնները։ «Ադրբեջանը որպէս մարտավարութիւն ընտրել է ձգձգելու քաղաքականութիւնը, իր համար յարմար պահի է սպասում նոր ռազմական աւանտիւրա սկսելու համար»,- նկատեց Սերժ Սարգսեանը, ընդգծելով, որ Հայաստանը ողջունում է խնդրի կարգաւորմանն ուղղուած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպէս նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւի ջանքերը։ «Մենք պատրաստ ենք աշխատելու, բանակցելու, պատրաստ ենք եւ անհրաժեշտ ենք համարում որոնելու փոխզիջումներ խնդրի լուծմանը հասնելու համար, սակայն անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս ունենա նոյն ցանկութիւնը»,- յաւելեց երկրի ղեկավարը։ Դալիայ Գրիբաուսկայտեն իր հերթին նշեց, որ իր պատմութեան ընթացքում տխուր ու ցաւագին էջեր վերապրած հայ ժողովուրդը ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել հակամարտութիւնը։ Միջազգային հանրութիւնը գտնում է, որ բոլոր տարածաշրջանային հակամարտութիւնները, այդ թւում նաեւ ղարաբաղեան հակամարտութիւնը, պէտք է լուծուէն խաղաղ ճանապարհով։ «Որեւէ միջազգային կազմակերպութիւն չի սատարի խնդրի ռազմական լուծմանը»,- ընդգծեց Էահկ-ում նախագահող երկրի նախագահը, յաւելելով, որ ինքը այս յստակ ուղերձն է յղել իր այցելած բոլոր պետութիւններին։ Լիտուան սատարում է տարածաշրջանում վստահութեան ամրապնդմանն ուղղուած միջոցառումներին, սակայն գտնում է, որ դրանք երկկողմանի պէտք է լինեն։ Դալիայ Գրիբաուսկայտեն յայտարարեց նաեւ, որ Հայաստանի համար եւրոինտէգրման գործընթացը շատ օգտակար եւ արդիւնաւէտ է եղել. գործընթացն օգնում է բարեփոխուելու եւ աւել շուտ բարեկեցութեան հասնելու։ Նա յայտնեց, որ Լիտուան պատրաստ է Հայաստանին փոխանցել եւրոինտէգրման իր փորձը։ Հայաստան-լիտուայ քաղաքական յարաբերութիւնները շատ բարձր մակարդակի վրայ են, իսկ տնտեսական կապերին «պայծառ ապագայ է սպասում», Լիտուան պատրաստ է ներդրումների եւ նոյնպիսիք ակնկալում է նաեւ Հայաստանից։
  -   Քաղաքական