Դալիա Գրիբաուսկայտե. «Որեւէ միջազգային կազմակերպություն չի սատարի ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը»<br />


Դալիա Գրիբաուսկայտե. «Որեւէ միջազգային կազմակերպություն չի սատարի ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը»

  • 04-05-2011 19:08:02   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանը Լիտվային դիտարկում է որպես բարեկամ երկիր ու հուսալի գործընկեր։ Հայաստան այցելած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ մայիսի 4-ի առանձնազրույցի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներին այս մասին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, արձանագրելով երկու երկրների անկախացումից ի վեր երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկա։ «Հայաստան-Լիտվա երկխոսությունը տարեցտարի զարգանում է, ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ»,- ասաց ՀՀ նախագահը։ Ս.Սարգսյանն ընդգծեց, որ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը խորացնել երկկողմ հարաբերությունները։ Նա ողջունեց Լիտվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, գնահատելով դա որպես համամարդկային արժեքները այսրոպեական շահերից վեր դասելու վկայություն։ Հայաստանը գնահատում է Լիտվայի պետականաշինության եւ եվրոինտեգրման փորձը, ինչպես նաեւ հաջողված մոդել է համարում Բալթյան երկրների համագործակցությունը։ Հայաստանը միաժամանակ ափսոսանք է հայտնում, որ հարավկովկասյան տարածաշրջանում այն կիրառել հնարավոր չէ Ադրբեջանի «կառուցած» բաժանարար գծերի պատճառով, ինչը ՀՀ նախագահը 21-րդ դարի համար շատ խորթ է համարում։ Հայաստանը կարեւորում է նաեւ Լիտվայի՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ցանկությունը սատարելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, շեշտելով հայկական կողմի հանձնառությունը հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սերժ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում իրավիճակը սրելու իր քաղաքականությունը՝ հաճախակի կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները։ «Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգելու քաղաքականությունը, իր համար հարմար պահի է սպասում նոր ռազմական ավանտյուրա սկսելու համար»,- նկատեց Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ Հայաստանը ողջունում է խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը։ «Մենք պատրաստ ենք աշխատելու, բանակցելու, պատրաստ ենք եւ անհրաժեշտ ենք համարում որոնելու փոխզիջումներ խնդրի լուծմանը հասնելու համար, սակայն անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս ունենա նույն ցանկությունը»,- հավելեց երկրի ղեկավարը։ Դալիա Գրիբաուսկայտեն իր հերթին նշեց, որ իր պատմության ընթացքում տխուր ու ցավագին էջեր վերապրած հայ ժողովուրդը ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։ Միջազգային հանրությունը գտնում է, որ բոլոր տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ «Որեւէ միջազգային կազմակերպություն չի սատարի խնդրի ռազմական լուծմանը»,- ընդգծեց ԵԱՀԿ-ում նախագահող երկրի նախագահը, հավելելով, որ ինքը այս հստակ ուղերձն է հղել իր այցելած բոլոր պետություններին։ Լիտվան սատարում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, սակայն գտնում է, որ դրանք երկկողմանի պետք է լինեն։ Դալիա Գրիբաուսկայտեն հայտարարեց նաեւ, որ Հայաստանի համար եվրոինտեգրման գործընթացը շատ օգտակար եւ արդյունավետ է եղել. գործընթացն օգնում է բարեփոխվելու եւ ավել շուտ բարեկեցության հասնելու։ Նա հայտնեց, որ Լիտվան պատրաստ է Հայաստանին փոխանցել եվրոինտեգրման իր փորձը։ Հայաստան-Լիտվա քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսական կապերին «պայծառ ապագա է սպասում», Լիտվան պատրաստ է ներդրումների եւ նույնպիսիք ակնկալում է նաեւ Հայաստանից։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play