Սյունիքում նախատեսւում է ստեղծել արդիւնաբերական գօտի<br />


Սյունիքում նախատեսւում է ստեղծել արդիւնաբերական գօտի

  • 27-10-2010 13:46:00   |   |  Տնտեսութիւն
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիւնիքի մարզում հնարաւոր է ստեղծուի արդիւնաբերական գօտի, որտեղ ձեւաւորուած ձեռնարկութիւնները կունենան մէկ ընդհանուր նպատակ` բացայայտել այն ներուժը, որն ունի Հայաստանը գիւղատնտեսութեան, թեթեւ արդիւնաբերութեան եւ այլ ոլորտներում: Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` յաւելելով, որ այդպիսի գօտու ստեղծումն առաւել արդիւնաւէտ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնաւոր հատուածի համար կլինի լրացուցիչ խթան` ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում: «Մեր ձեռներեցները մաքսային ծառայութիւնների աշխատանքին վերաբերող մի շարք խնդիրներ բարձրացրեցին այս օրերի ընթացքում, այդ պատճառով մենք հրաւիրել ենք Իրանի մաքսային ծառայութեան ղեկավարին այցելել Հայաստան եւ հայ գործընկերների հետ քննարկել այդ ոլորտում համագործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման վերաբերեալ հարցեր»,- ասել է Տ.Սարգսեանը` կարեւորելով իրանցի գործընկերների կողմից արուած այն առաջարկը, որը ենթադրում է ստեղծել միասնական մաքսային դարպաս: ՀՀ վարչապետի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները ընդամէնը մէկ անգամ են շփուելու մաքսազերծման ընթացքի կազմակերպիչների հետ, որն էլ ենթադրում է, որ երկու երկրների մաքսային ծառայութիւնների միջեւ պէտք է ստեղծուեն համապատասխան ենթակառուցուածքներ, հաստատուեն կանոններ, որոնք հասանելի կլինեն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: «Անհրաժշտություն կայ, որպէսզի մեր իրանեան գործընկերներն աւելի լաւ պատկերացում ունենան Հայաստանի օրէնսդրութեան մասին, իսկ մեր գործարարներին անհրաժեշտ է աւելի մանրակրկիտ ներկայացնել Իրանի օրենսդրութիւնը` տնտեսական յարաբերութիւններ հաստատելու համար: Այս հանդիպումների ընթացքում ակնյայտ է, որ մենք ունենք նման տեղեկատուութեան պակաս, եւ կարծում ենք, որ այդ պակասը կարող են լրացնել մեր երկու երկրների Առեւտրային պալատները»,- ասել է Տ.Սարգսեանը` պատրաստակամութիւն յայտնելով Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատին լրացուցիչ իրավասություններ տրամադրել մաքսազերծման գործընթացները հեշտացուած կարգով իրականացնելու համար: ՀՀ վարչապետի խօսքով, Հայաստանը եւ Իրանը պատմականօրէն ունեցել են բարիդրացիական յարաբերութիւններ եւ երկու պետութիւնների միջեւ ձեւաւորուած այդ յարաբերութիւնները, բաւականին բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը հրատապ է դարձրել մի խնդիր, համաձայն որի պէտք է բացայայտուի նաեւ երկու երկրների տնտեսական ներուժը: «Մեր առեւտրաշրջանառութեան ծաւալների մէջ Իրանը զբաղեցնում է ընդամէնը եօթերորդ տեղը այն պարագայում, երբ մեր հաշուարկները ցոյց են տալիս, որ հնարաւոր է էապէս բարձրացնել այդ ցուցանիշը եւ կազմակերպել այնպիսի առեւտրաշրջանառություն, որ տնտեսապես աւելի ձեռնտու լինի: Ջանքեր են ներդրուելու նաեւ տուրիզմի զարգացման առումով: Այստեղ մեր տուրիստական գործակալութիւնները անելիքներ ունեն` ներկայացնելու մեր երկրների տուրիստական գրավչությունները»,- նշել է Տ.Սարգսեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հայ-իրանական համագործակցութեան ոլորտները կընդլայնուեն նաեւ կրթական ոլորտում: Նախատեսւում է հայագիտական կենտրոն ստեղծել Թեհրանի պետական եւ Իսլամագիտական կենտրոն` Երեւանի պետական համալսարաններում: ԻԻՀ հանքերի, առեւտրի ու արդիւնաբերութեան պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանը կարեւորել է ՀՀ վարչապետի գլխաւորութեամբ հայաստանեան պատուիրակութեան այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն` նշելով, որ ինքն էլ նոր է վերադարձել Հայաստանից եւ մտքերի փոխանակության այսպիսի ինտենսիւութիւնը շատ անհրաժեշտ է: «Այն խնդիրները, որոնց մասին խօսուվեց այս երկու օրերի ընթացքում, գտնւում են Իրանի նախասիրութիւնների շարքում: Մենք ցանկանում ենք բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել հարեւան պետութիւնների հետ ու այդ առումով գործադրելու ենք բոլոր ջանքերը համագործակցութեան եզրեր փնտրելու համար»,- ասել է Մոհամմադ Նահավանդիանը: Նա նույնպես յատկանշական է համարել արդիւնաբերական գօտու ստեղծումը, որի միջոցով տնտեսութեան մի շարք ոլորտներում կարձանագրուեն յաջողութիւններ: «Արդիւնքում կկարողանանք մեծացնել շահոյթը, եւ կրճատել ծախսերը»,- ասել է Մոհամմադ Նահավանդիանը:
  -   Տնտեսութիւն