Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների յանձնման արարողութիւն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների յանձնման արարողութիւն

  • 15-09-2016 18:46:29   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ տեղի ունեցաւ շքանշանների յանձնման հանդիսաւոր արարողութիւն: 
Վաստակաշատ գործունէութեան համար Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատուոյ բարձր շքանշան յանձնուեց հայ ժողովրդի եւ Հայ Եկեղեցու բարեկամ, հայագէտ Հայր Աթանաս Շառլ Ռընուին (Ֆրանսիայ), ով այս օրերին գտնւում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արեւելեան ծէսի ուսումնասիրութեան ընկերութեան 6-րդ միջազգային գիտաժողովի առիթով: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհուեց նաեւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի նախագահ դոկտոր Արմէն Տէր-Կիւրեղեանին` ի գնահատութիւն իր գիտամանկավարժական երկարամեայ գործունէութեան եւ հայ ժողովրդին մատուցած բազմարդիւն ծառայութիւնների:
Արարողութիւնը բացուեց միասնական Տէրունական աղօթքով, ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը: 
Մեծարեալների գնահատարժան գործունէութեանն ու վաստակին անդրադարձան Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարեանը:
Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողութեան ներքոյ բերուեցին Հայրապետական սրբատառ կոնդակները: 
 
 Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ.  Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը ներկայացրեց տիար Արմէն Տէր-Կիւրեղեանին ուղղուած կոնդակը, որում նշուած է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապէս և քաջածանօթ ենք ազգային, հասարակական կեանքում և գիտութեան ու մանկավարժութեան ասպարէզում Ձեր երկարամեայ, արդիւնաւոր գործունէութեանը: Դուք կեանքի ողջ ընթացքին ամբողջանուէր սիրով ծառայում էք սերունդներ կրթելու և դաստիարակելու առաքինի գործին՝ դասաւանդելով աշխարհի տարբեր երկրների հանրահռչակ կրթօջախներում: Ձեր անյոգնաբեկ ջանքերն ու տարիների վաստակը գնահատուած են գիտական ու հասարակական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով՝ մեծ յարգանք ու ճանաչում բերելով Ձեզ:
Մեզ համար առանձնակի գոհունակութիւն է անդրադառնալ Հայաստանի Ամերիկեան համալսարանի կեանքում Ձեր գովարժան վաստակին: Հայաստանի անկախութեան առաջին տարիներին, երբ առկայ դժուարութիւնների ու մարտահրաւէրների մէջ հիմնադրուեց համալսարանը, Դուք աննուազ հետևողութեամբ ջանքեր բերեցիք  նրա կայացմանը և Ձեր կարողութիւնները, հարուստ փորձն ու հեղինակութիւնը ծառայեցրեցիք կրթօջախի ազգօգուտ առաքելութեան արդիւնաւորմանը: Տասնամեակների ընթացքին Դուք տարբեր պաշտօններ ստանձնեցիք համալսարանի կեանքում, սիրով յանձն առաք նաև Նախագահի պատասխանատու պաշտօնը, ազնիւ ջանքեր ներդնելով, որպէսզի հաստատութիւնը, իր կոչմանը հաւատարիմ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթութիւն մատուցի երիտասարդ Մեր զաւակներին, ովքեր պիտի գան ծառայելու մեր երկրի առաջընթացին ու մեր ժողովրդի բարօրութեանը Հայրենիքում ու Սփիւռքի համայնքներում»:
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանն ընթերցեց Հայր Աթանաս Շառլ Ռընուին ուղղուած Հայրապետական կոնդակը, որում մասնաւորապէս նշուած է. «Հոգեշնորհ Հայր Աթանաս Շառլ Ռընու, այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու բազմավաստակ եկեղեցականիդ հովուական, քարոզչական, գիտական ու մանկավարժական նուիրեալ գործունէութեանը, որ արգասաւորուած է բարի, օրհնաբեր արդիւնքներով: Տասնեակ տարիներ՝ որպէս զինուորեալ սպասաւոր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու, Դուք հոգու և մտքի Ձեր կարողութիւնները անձնուիրաբար ի սպաս էք դնում «Կենաց Խօսքը» սերմանելու տէրունապատուէր առաքելութեան իրականացմանը` անխախտ հաւատարմութեամբ պահելով ծառայանուիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրեալ Տիրոջ հետ և ապրելով ու գործելով հաւատացելոց հոգևոր կեանքի վերազարթօնքին աւանդ բերելու ազնիւ նախանձախնդրութեամբ: 
Առանձնակի գոհունակութիւն է Մեզ համար, որ Դուք գիտական Ձեր երկարամեայ գործունէութեան մէջ առանձնակի տեղ էք յատկացրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական ու դաւանաբանական առանձնայատկութիւնների ուսումնասիրմանը և բազմաթիւ գրքերով ու հրապարակումներով փաստել դրանց անմիջական կապը առաքելական աւանդութեան հետ: Հայ հոգևորականն ու  հաւատացեալը մշտապէս երախտագիտութեամբ պիտի յիշեն մեր Սուրբ Եկեղեցու անցեալն ու դարաւոր հարուստ ժառանգութիւնը համաշխարհային գիտական և հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու Ձեր ջանքերն ու ազնիւ վաստակը»:
Կոնդակների ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարեալների կուրծքը` վերստին բերելով նրանց Հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները: 
Այնուհետեւ շնորհաբաշխութեան առիթով իրենց սրտի խօսքն ասացին Արմէն Տէր-Կիւրեղեանն ու հայր Աթանաս Շառլ Ռընուն` շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց ընծայուած բարձր պատուի համար:
Մասնաւորապէս անդրադառնալով հայրենիքին օգտակար լինելու հնարաւորութեանը` տիար Ա. Տէր-Կիւրեղեանն իր խօսքում մասնաւորապէս նշեց. «Ամերիկեան համալսարան հիմնելու գաղափարը ծագեց 1988 թ. աւերիչ երկրաշարժից յետոյ, որի նպատակն էր վերածննդի շունչ պարգեւել մեր երիտասարդ սերնդին եւ խթանել նրանց առաջադիմութիւնը: Այսօր մեր համալսարանում 1800-ից աւելի ուսանողներ ամերիկեան մօտեցումներով ուսում են ստանում արդիական պայմաններում, լաւագոյն դասախօսների միջոցով: 
…Վեհափառ Տէր, գիտեմ, որ տարիների ընթացքում միշտ եղել էք համալսարանի կողքին՝ բերելով Ձեր բարի օրհնութիւնները եւ քաջալերանքը: Թող որ Ձեր աղօթքները եւ բարեմաղթանքները միշտ առաջնորդեն մեր համալսարանը»: 
Հայր Աթանասն իր հերթին ընդգծեց, որ սիրով եւ մեծագոյն ուրախութեամբ է ընդունում Հայ Եկեղեցու պատուոյ շքանշանը` Եկեղեցու եւ յատկապէս նրա բարձրագոյն իշխանութեան կողմից տրուող պարգեւը դիտարկելով նախ եւ առաջ որպէս Աստծոյ շնորհ եւ հրաւէր` ըստ այդմ կարգաւորելու եւ ապրելու իր կեանքը: «Եւ, բնականաբար, սա ինձ համար հրաւէր է նաեւ իմ կեանքը դասաւորելու եւ ընդօրինակելու Ս. Մեսրոպի մաքրութիւնը եւ Ս. Մեսրոպի աստուածպաշտութիւնը, որովհետեւ նրա կատարած գործը եւ աշխատանքը մեծ գործ էր քրիստոնէական մշակոյթի բազմազանութեան մէջ, ինչին մենք այդքան ծանօթ ենք Ֆրանսիայից», - նշեց հայագէտն իր խօսքում:
Ցերեկոյթին երաժշտական կատարումներով հանդէս եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակից պատանիները` ղեկավարութեամբ Սիլուայ Մեքինեանի: 
Հանդիսութիւնն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղօթքով:
Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, Արեւելեան ծէսի ուսումնասիրութեան ընկերութեան 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները, Հայաստանի բուհերի պատասխանատուներ եւ ներկայացուցիչներ:  
 
  -   Մամլո հաղորդագրություն