Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կանադահայ ուխտաւորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կանադահայ ուխտաւորներին

  • 22-09-2016 17:09:07   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կանադահայ ուխտաւորների` ուղեկցութեամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանի: 
 
Ներկայացնելով Կանադայի տարբեր քաղաքներից ՀՀ անկախութեան 25-րդ տարեդարձի առթիւ Հայրենիք ժամանած հայորդիներին` Աբգար Սրբազանը նշեց, որ կանադահայութիւնը եւ հայոց թեմը մշտապէս մասնակից են Հայաստանի սոցիալական, հասարակական ու մշակութային կեանքին` սատարելով Հայրենիքին առկայ խնդիրների յաղթահարման գործում: «Մայր Աթոռը, Հայրենիքը ոչ միայն խորհրդանիշեր են, այլեւ իրական կեանքի իմաստ, որով մեր հաւատացեալները ապրում են», - ասաց Սրբազանը` ուխտաւորների անունից հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնութիւնը բերելով ուխտաւոր հայորդիներին, բարձր գնահատեց Սփիւռքի եւ, մասնաւորապէս, կանադահայութեան նուիրումն ու սէրը Հայրենիքի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդէպ: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ նման այցելութիւնները հոգեւոր վերելքի առիթ են հայորդիների համար, որոնք, ազգային, հայրենասիրական եւ հոգեւոր իրենց զգացումները նորոգած, պիտի վերադառնան եւ նոր խանդավառութեամբ լծուէն իրենց համայնքային կեանքի առաջընթացին:
Անդրադառնալով Հայրենիքի առջեւ ծառացած խնդիրներին` Վեհափառ Հայրապետը նկատեց. «Ապրել ենք եւ դիմակայել մեր բոլոր դժուարութիւններին` շնորհիւ մեր զօրեղ հաւատքի, առ հայրենին ունեցած մեր սիրոյ»: Հայրենի երկրի շինութեան եւ պայծառացման գործում Նորին Սրբութիւնը կարեւորեց աշխարհասփիւռ հայութեան գործուն ու անմիջական մասնակցութիւնը: 
Հայոց Հայրապետը նաեւ ընդգծեց, որ մշտապէս աղօթում է Սփիւռքի իր զաւակների համար` հայցելով Տիրոջ օգնականութիւնն ու զօրակցութիւնը, որպէսզի նրանք կարողանան իրենց հաւատարմութիւնը պահել հայրենի սուրբ հողին, ազգային հոգեւոր արժէքներին եւ ապրեն հայաշունչ կեանքով:
Եւս մէկ անգամ իր գնահատանքը բերելով կանադահայերին իրենց  հայրենանուէր, եկեղեցասէր ոգու եւ նուիրումի համար` Վեհափառ Հայրապետը յորդորեց նրանց` նոյն հայրենասէր ոգով դաստիարակել նաեւ իրենց զաւակներին, ջանքեր գործադրել ամէն կերպ իրենց օգտակարութիւնը բերելու Մայր հայրենիքին եւ Կանադայի հայ համայնքին:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներին մաղթեց, որ միշտ զօրեղ մնան իրենց հաւատքի, առ հայրենին ունեցած սիրոյ մէջ եւ շարունակեն շէնացնել իրենց կեանքը, պայծառացնել իրենց համայնքները եւ Եկեղեցին: 
 
  -   Մամլո հաղորդագրություն