Վարդապետական թեզերի պաշտպանութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Վարդապետական թեզերի պաշտպանութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 14-10-2016 11:54:49   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 13-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցաւ վարդապետական թեզերի բանաւոր պաշտպանութիւն: 
 
Մասնաւոր վարդապետութեան աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու միաբաններ:  Տաւուշի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Սամուէլ աբեղայ Մխիթարեանը պաշտպանութեան էր ներկայացրել «Մակարավանք» թեմայով թեզը, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միութեան հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Սիփան աբեղայ Գեւորգեանը՝ «Արհեստական բեղմնաւորում. տեխնիկական նոր միջոցների կիրառութիւնը եւ Հայ Առաքելական Եկեղեցին» թեմայով թեզը: 
Յանձնաժողովը նախագահում էր Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը։ Յանձնաժողովի կազմում ընդգրկուած էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը եւ Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը:
 Հայր Սամուէլի ընդդիմախօսն էր պ.գ. թեկնածու Արփենիկ Ղազարոսեանը, իսկ Հայր Սիփանինը՝ փ. գ. թեկնածու, դոցենտ Սուսաննայ Դաւթեանը:
Հաւարտ բանաւոր պաշտպանութեան, քննիչ յանձնախումբը դրական եզրակացութիւն տուեց վարդապետական թեզերի պաշտպանութեանը եւ արժանի համարեց Սամուէլ եւ Սիփան աբեղաներին ներկայացնելու մասնաւոր վարդապետութեան աստիճանի տվչութեան:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը յայտնեց յանձնաժողովի անդամներին, երկու աբեղաներին եւ նրանց ընդդիմախօսներին` կատարուած հետեւողական աշխատանքի համար: 
Առաջիկայ օրերին, Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ, Հայր Սամուէլն ու Հայր Սիփանն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչութեան արարողութեամբ կ'արժանանան մասնաւոր վարդապետութեան աստիճանի:
 
  -   Մամլո հաղորդագրություն