«Կատարողական արուեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կայ մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մօտեցում, գտնում է սփիւռքի նախարարը<br />


«Կատարողական արուեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կայ մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մօտեցում, գտնում է սփիւռքի նախարարը

  • 28-07-2010 19:02:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը գտնում է, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատոնի «Կատարողական արուեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կայ մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մօտեցում: Այս մասին նա յայտարարեց փառատոնի շրջանակներում անցկացուող Կատարողական արուեստի գործիչների յուլիսի 28-ի համահայկական համաժողովում: Նրա խօսքերով, ճիշտ չէ խմբերը իրար վրայ կիտելով ակնկալել փայլուն արդիւնքներ, այլ անհրաժեշտ է առանձնացնել իրարից պարարուեստի, երգարվեստի եւ անհատ կատարողների մրցույթները: Փորձը ցոյց է տուել, որ նախարարութեան կողմից կազմակերպուած Հայաստան-Սփիռք ընդհանրական համաժողովները որեւէ շոշափելի արդիւնք չեն տուել, մինչդեռ փայլուն են եղել մասնագիտացուած` իրավաբանների, ճարտարապետների, սրտաբանների, համաժողովների արդիւնքները: Նախարարը յայտնեց, որ փառատոնի ցանկալի արդիւնք ապահովելու համար կստեղծուեն երգարվեստի եւ պարարուեստի համակարգող խմբեր, որոնք կհաշվառեն Սփիւռքում գործող խմբերը, կուսումնասիրեն նրանց կարիքները: Հ.Յակոբեանը յայտարարեց նաեւ, որ յետագայում անպայման կը սահմանուի մրցանակային ֆոնդ, որպէսզի աչքի ընկած մասնակիցները պարգեւատրվեն գաւաթներով եւ դիպլոմներով: «Բերդ» պարային խմբի գեղարուեստական ղեկավար Կարեն Գեւորգեանը գնահատելի համարեց Սփիւռքում պարուսույցների աշխատանքը, սակայն միաժամանակ ընդգծեց, որ փառատոնի մասնակից պարախմբերի շարքում կարելի է տեսնել խմբեր, որոնց ոչ տարազը, ոչ պարային շարժումները եւ ընդհանրապես պարը հայկական չեն: Մշակոյթային սխալ քարոզը միայն բացասական հետեւանքների կարող է հանգեցնել, ուստի բոլոր պարուսույցներին անհրաժեշտ է ընդգրկել մէկ ընդհանուր տանիքի տակ, իրականացնել նրանց վերապատրաստումը: Կ.Գեւորգեանը գոհունակութիւն յայտնեց, որ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ յուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացուելու են պարուսուցման դասընթացներ: Երաժշտական ընկերութեան նախագահ Դավիթ Ղազարեանն իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է լինել Սփիւռքի հայ գաղթօջախներում եւ լուսաւորչական աշխատանք տանել այնտեղ: «Սայաթ-Նովա» մշակոյթային միութեան նախագահ Թովմաս Պողոսեանի խօսքերով, Հայրենիքը պէտք է «սնի» Սփիւռքին: Միաժամանակ նա գտնում է, որ Հայրենիքում էլ ազգային մշակոյթի վիճակը այնքան էլ մխիթարական չէ, եւ նախ պէտք է սկսել Հայրենիքից եւ անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: «Հեռաւոր մի մութ անկիւն մղուած մշակոյթային արժէքները պէտք է ասպարէզ իջեցնել եւ այնտեղից դուրս վանել բոլոր այն աղտեղությունները, որոնք եկել, նուաճել են այդ արժէքների տեղը»,- ասաց Թ.Պողոսեանը: Սփուռքահայ համայնքների ներկայացուցիչները նույնպես կարեւոր համարեցին, որպէսզի Հայաստանից մասնագէտներ գործուղղվեն սփիւռքահայ համայնքներ եւ տեղերում դասընթացներ անցկացնեն: Նրանք խնդրեցին իրենց եւս մասնակից դարձնել փառատոնի ծրագրերի կազմմանը: Տորոնտոյի «Սբ. Երրորդություն» Հայ Առաքելական եկեղեցու «Սասուն» պարախմբի ներկայացուցիչ Խորէն Մարդոեանը գոհունակութիւն յայտնեց, որ փառատոնի շրջանակներում խումբը համագործակցութեան յուշագիր է ստորագրել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակոյթի տան հետ: Յուշագիրը նախատեսում է փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի իրականացում:
  -   Մշակոյթ