«Կատարողական արվեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կա մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մոտեցում, գտնում է սփյուռքի նախարարը<br />


«Կատարողական արվեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կա մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մոտեցում, գտնում է սփյուռքի նախարարը

  • 28-07-2010 19:02:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի «Կատարողական արվեստի օրեր»-ի կազմակերպման հարցում կա մեթոդաբանական, գաղափարական ոչ ճիշտ մոտեցում: Այս մասին նա հայտարարեց փառատոնի շրջանակներում անցկացվող Կատարողական արվեստի գործիչների հուլիսի 28-ի համահայկական համաժողովում: Նրա խոսքերով, ճիշտ չէ խմբերը իրար վրա կիտելով ակնկալել փայլուն արդյունքներ, այլ անհրաժեշտ է առանձնացնել իրարից պարարվեստի, երգարվեստի եւ անհատ կատարողների մրցույթները: Փորձը ցույց է տվել, որ նախարարության կողմից կազմակերպված Հայաստան-Սփյուռք ընդհանրական համաժողովները որեւէ շոշափելի արդյունք չեն տվել, մինչդեռ փայլուն են եղել մասնագիտացված` իրավաբանների, ճարտարապետների, սրտաբանների, համաժողովների արդյունքները: Նախարարը հայտնեց, որ փառատոնի ցանկալի արդյունք ապահովելու համար կստեղծվեն երգարվեստի եւ պարարվեստի համակարգող խմբեր, որոնք կհաշվառեն Սփյուռքում գործող խմբերը, կուսումնասիրեն նրանց կարիքները: Հ.Հակոբյանը հայտարարեց նաեւ, որ հետագայում անպայման կսահմանվի մրցանակային ֆոնդ, որպեսզի աչքի ընկած մասնակիցները պարգեւատրվեն գավաթներով եւ դիպլոմներով: «Բերդ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը գնահատելի համարեց Սփյուռքում պարուսույցների աշխատանքը, սակայն միաժամանակ ընդգծեց, որ փառատոնի մասնակից պարախմբերի շարքում կարելի է տեսնել խմբեր, որոնց ոչ տարազը, ոչ պարային շարժումները եւ ընդհանրապես պարը հայկական չեն: Մշակութային սխալ քարոզը միայն բացասական հետեւանքների կարող է հանգեցնել, ուստի բոլոր պարուսույցներին անհրաժեշտ է ընդգրկել մեկ ընդհանուր տանիքի տակ, իրականացնել նրանց վերապատրաստումը: Կ.Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվելու են պարուսուցման դասընթացներ: Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է լինել Սփյուռքի հայ գաղթօջախներում եւ լուսավորչական աշխատանք տանել այնտեղ: «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանի խոսքերով, Հայրենիքը պետք է «սնի» Սփյուռքին: Միաժամանակ նա գտնում է, որ Հայրենիքում էլ ազգային մշակույթի վիճակը այնքան էլ մխիթարական չէ, եւ նախ պետք է սկսել Հայրենիքից եւ անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Հեռավոր մի մութ անկյուն մղված մշակութային արժեքները պետք է ասպարեզ իջեցնել եւ այնտեղից դուրս վանել բոլոր այն աղտեղությունները, որոնք եկել, նվաճել են այդ արժեքների տեղը»,- ասաց Թ.Պողոսյանը: Սփուռքահայ համայնքների ներկայացուցիչները նույնպես կարեւոր համարեցին, որպեսզի Հայաստանից մասնագետներ գործուղղվեն սփյուռքահայ համայնքներ եւ տեղերում դասընթացներ անցկացնեն: Նրանք խնդրեցին իրենց եւս մասնակից դարձնել փառատոնի ծրագրերի կազմմանը: Տորոնտոյի «Սբ. Երրորդություն» Հայ Առաքելական եկեղեցու «Սասուն» պարախմբի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը գոհունակություն հայտնեց, որ փառատոնի շրջանակներում խումբը համագործակցության հուշագիր է ստորագրել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան հետ: Հուշագիրը նախատեսում է փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի իրականացում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play