Հաագայի միջազգային դատարանի որոշման վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս են եկել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը


Հաագայի միջազգային դատարանի որոշման վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս են եկել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը

  • 23-07-2010 21:10:22   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան խորհրդարանական խմբակցութիւնները հանդէս են եկել Հաագայի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախութեան միակողմանի հռչակման վերաբերեալ, նախօրէին ընդունած որոշման մասին յայտարարութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնն ամբողջութեամբ. «1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, յենուելով միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների վրայ եւ խստօրէն հետեւելով ԽՍՀՄ օրէնսդրութեան պահանջներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքուէով անկախութիւն հռչակեց։ Անցած շուրջ երկու տասնամեակում Լղհ-ն կասեցրել է Ադրբեջանի զինուած նախայարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնութեան եւ լիովին դրսեւորուել որպէս ժողովրդավարական պետութիւն։ Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախութեան միջազգային ճանաչմանը, որը համահունչ է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին։ Արդարադատութեան միջազգային դատարանը յուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրաւաբանօրէն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրաւունքն ու դրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրաւունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թւում` տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Մենք վերահաստատում ենք առկայ խնդիրները միջազգային իրաւունքի հիման վրայ խաղաղ բանակցութիւնների միջոցով կարգաւորելու Արցախի ժողովրդի պատրաստակամութիւնը։ Գտնում ենք, որ միջազգային յարաբերութիւններում արձանագրուած նոր իրավիճակում Լղհ-ն բանակցային գործընթացի յաջողութեան համար պատրաստ է ստանձնել իր հեղինակութեանն արժանի պատասխանատուութիւն` յանուն տարածաշրջանային խաղաղութեան եւ միջազգային անվտանգութեան»։ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների միասնական հայտարարությունը հուլիսի 23-ի ասուլիսում հրապարակել է ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
  -   Քաղաքական