Հայաստանի նախագահն ընդունել է Լեհաստանի արտգործնախարարին


Հայաստանի նախագահն ընդունել է Լեհաստանի արտգործնախարարին

  • 14-07-2010 19:00:52   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսեանն յուլիսի 14-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Ռադոսլաւ Սիկորոսկուն: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենեակի պաշտօնական հաղորդագրութեան, Հայաստանի ղեկավարը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր Նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհաւորանքները` Լեհաստանի նախագահական ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ եւ յոյս է յայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձութիւններն այլեւս ետեւում են, եւ երկրի կեանքը վերադարձել է բնականոն հուն: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ յարաբերութիւնները խորացնելու եւ համագործակցութիւնն ընդլայնելու մեծ ներուժ կայ: Երկուստէք կարեւորուել է բարձր մակարդակի փոխայցելութիւնների դինամիկան պահպանելու անհրաժեշտութիւնը: Կողմերը յոյս են յայտնել, որ նախօրէին Երեւանում կայացած Տնտեսական համագործակցութեան հարցերով յանձնաժողովն իր աշխատանքով եւս կը նպաստի առկայ ներուժի լիարժէք օգտագործմանը: Զրուցակիցներն այդ առումով կարեւորել են Վարշաւա-երեւան չուերթի գործարկումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտութեան, Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացներին եւ տարածաշրջանային խնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում Լեհաստանի անկողմնակալ դիրքորոշման համար: Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հաւատարիմ է միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքներին եւ սատարում է միայն խաղաղ ճանապարհով հակամարտութիւնների լուծմանը:
  -   Քաղաքական