Ժոաոյ Սուարեշ. «Հաւատում եմ, որ Լղ-ի հակամարտութեան ուղղութեամբ առկայ է խաղաղութեան հասնելու յստակ հնարաւորութիւն»<br />


Ժոաոյ Սուարեշ. «Հաւատում եմ, որ Լղ-ի հակամարտութեան ուղղութեամբ առկայ է խաղաղութեան հասնելու յստակ հնարաւորութիւն»

  • 14-07-2010 18:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 6-ից 10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գումարուած Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 19-րդ տարեկան նստաշրջանի օրերին ադրբեջանական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատուութիւնը, որին նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելոյթում անդրադարձել է Հայաստանի պատուիրակութեան ղեկավար, Ազգային ժողովի Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը: Յուլիսի 14-ին Երեւանում` ամփոփելով նստաշրջանի աշխատանքների արդիւնքները, Ա.Սաֆարեանը լրագրողներին ներկայացրեց յուլիսի 9-ի իր ելոյթի գրաւոր տեքստը: Ըստ այդմ, խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին, նա, մասնաւորապէս, անդրադարձել է հակամարտող կողմերի միջեւ նուազագոյն վստահութեան անբաւարարութեանը, «որը սնւում է քարոզչական պատերազմի շարունակումից եւ Ադրբեջանի կողմից միլիտարիստական սպառնալիքներից»: «Մենք գտնում ենք, որ, եթէ կայ ղարաբաղեան հակամարտութիւնը Մադրիդեան սկզբունքների հիման վրայ խաղաղ կարգաւորելու ազնիւ ցանկութիւն, ապա այդ դէպքում կարիք չկայ երկրի ներսում պահպանել միլիտարիստական պսիխոզը, եւ կարիք չկայ փորձել զանազան անպարկեշտ մեթոդներով ստանալ կարծեցեալ աւելի նպաստաւոր, նախապատուելի դիրքեր բանակցային գործընթացում»,- ասել է Ա.Սաֆարեանը: Որպէս թարմ օրինակ բերուել է յուլիսի 8-ին BBC-ի ադրբեջանական ծառայութեանը ԵԱՀԿ Խվ-ի նախագահ Ժոաոյ Սուարեշի տուած հարցազրոյցի տարածումը, որտեղ նա, մասնաւորապէս, իբր ասել է, որ վստահ չէ, թէ Հայաստանի նախագահը հայկական քաղաքական շրջանակներում բաւարար հեղինակութիւն ունի հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: «Մենք գտնում ենք, որ նման յայտարարութիւնը կոռեկտ չէ, եթէ այն իսկապէս եղել է»,-իր ելոյթում ասել է հայկական պատուիրակութեան ղեկավարը: Ի պատասխան Ա.Սաֆարեանի ելոյթի այս հատուածի, Վեհաժողովի պաշտօնական խողովակներով նույ ն օրը տարածուել է Ժ.Սուարեշի յայտարարութիւնը, որի գրաւոր տեքստը եւս տրամադրուեց լրագրողներին: Դրանում ԵԱՀԿ Խվ-ի այդ պահին գործող նախագահը, նախ, յայտնում է, որ չի ցանկանում իր վերջին հարցազրոյցի մասին մամուլի հրապարակումների կապակցութեամբ ասուածի վերաբերեալ ներքաշուել բառախաղի մէջ, եւ ապա առաջարկում «իւրաքանչիւրին , ով հետաքրքրուած է ուշադիր լսել հարցազրոյցը», որտեղ ինքը շարունակել է նոյն քաղաքականութիւնը, ինչը նախկինում ասել է Երեւանում եւ Բաքւում` իր վերջին այցերի ընթացքում: «Մեր դիրքորոշումը պարզ է. Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը պէտք է հիմնուած լինի սահմանների անձեռնմխելիութեան եւ բոլոր ժողովուրդների` իրենց սեփական ճակատագիրն ընտրելու իրաւունքների հիման վրայ: Հարցազրոյցում ես ասել եմ, որ հաւատում եմ, որ Լղ-ի հակամարտութեան ուղղութեամբ առկայ է խաղաղութեան հասնելու յստակ հնարաւորութիւն: Խօսքս այժմ քաղաքական կամքի մասին, եւ ես ասել եմ, որ երկու երկրներում էլ նման կամք գոյութիւն ունի»,-ասուած է յայտարարութեան մէջ: Ժ. Սուարեշը պնդել է նաեւ, որ իր հարցազրոյցում նա չի մեղադրել ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին «այն փաստի համար, որ ԼՂ -ում դեռեւս խաղաղութիւն չի հաստատուել»: Նշենք, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոայ Սուարեշի պաշտօնավարման երկամեայ ժամկէտի աւարտի կապակցութեամբ յուլիսի 10-ին Վեհաժողովը ձայների մեծամասնութեամբ ԵԱՀԿ Խվ-ի նախագահ ընտրեց Յունաստանի պատուիրակ, Վեհաժողովի այժմ արդէն նախկին փոխնախագահ Պետրոս Էֆթիմիուին:
  -   Քաղաքական