Յունվարի 24-ից Հայաստանում կսկսի գործել ֆինանսական<br /> համակարգի հաշտարարի գրասենեակը<br />


Յունվարի 24-ից Հայաստանում կսկսի գործել ֆինանսական
համակարգի հաշտարարի գրասենեակը

  • 23-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 24-ից Հայաստանում իր գործունէութիւնն է սկսելու ԱՊՀ-ում առայժմ միակ` ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենեակը: Ինչպէս յունվարի 23-ի ասուլիսում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը, սա մեծ առաջընթաց է Հայաստանի համար, քանի այդպիսի գրասենեակներ գործում են հիմնականում զարգացած երկրներում: Նրա գնահատմամբ, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրումով կբարձրանայ հասարակութեան վստահութիւնը հայաստանեան ֆինանսական համակարգի նկատմամբ: Ֆինանսական հաշտարարի գրասենեակի ստեղծման նպատակն է սպառողների բողոքների ընդունումը եւ քննումը, ինչպէս նաեւ ֆինանսական ինստիտուտների եւ սպառողների միջեւ վէճերի լուծումը: Ա.Ջաւադեանը նշեց, որ գրասենեակի ծառայութիւնները սպառողների համար լինելու են բացառապէս անվճար: Սպառողները կարող են հաշտարարին իրենց դիմում-բողոքները ներկայացնել միայն տուեալ ֆինանսական ինստիտուտի հետ հաշտութեան գալու չյաջողուած փորձից յետոյ: Հաշտարարի կայացրած որոշման հետ համաձայն չլինելու դէպքում սպառողներն այդ վճիռը կարող են բողոքարկել դատարանում, ինչը ֆինանսական ինստիտուտների համար թույլատրելի չէ. նրանք պարտաւոր են ենթարկուել հաշտարարի կայացրած վճռին: Հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիկական անձինք: Բողոքները պէտք է լինեն 10 մլն դրամը (մօտ 33 հազ. ԱՄՆ դոլար) չգերազանցող գործարքների վերաբերեալ: Ֆինանսական հաշտարարի գրասենեակի գործունէութեան ծախսերը իրականացուելու են բացառապէս ֆինանսական կազմակերպութիւնների կողմից: Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի գրասենեակի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրուել ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը, հաշտարար` Փիրուզա Սարգսեանը: Հոգաբարձուների խորհուրդն ունի 6 անդամ` ընտրուած պետական եւ մասնաւոր կառոյցներից:
  -   Տնտեսութիւն