Հայաստանում ամենախոշոր ներդրողներն են Ռուսաստանը,<br /> Արգենտինան եւ Լիբանանը<br />


Հայաստանում ամենախոշոր ներդրողներն են Ռուսաստանը,
Արգենտինան եւ Լիբանանը

  • 11-12-2008 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում կատարուված 805 մլն 341,3 հազ. ԱՄՆ դոլար օտարերկեայ ներդրումների ընդհանուր ծաւալում առաջատարը Ռուսաստանն է` 567 մլն 853,2 հազ. ԱՄՆ դոլար ծաւալով, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը գերազանցում է 3,2 անգամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, արգենտինեան ներդրումների ծաւալն այս տարուայ առաջին ինն ամիսներին կազմել է 78 մլն 983,3 հազ դոլար` 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 անգամ, իսկ Լիբանանի ներդրումները 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին կազմել են 28 մլն 995,3 հազ. դոլար եւ նուազել 78,4%-ով: Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում միւս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` 8 մլն 655,1 հազ. դոլար (նուազել է 31,8%-ով), Ֆրանսիան` 12 մլն 928,3 դոլար (նուազումը` 0,7%), ԱՄՆ-ը` 21 մլն 895,8 հազ. դոլար (աճել է 2,6%-ով), Գերմանիան` 23 մլն 707,6 հազ. դոլար (աճել է 16,2%-ով), Լիւքսեմբուրգը` 10 մլն 210 հազ. դոլար (աճը` 4,2 անգամ), Լիխտենշտեյնը` 24 մլն դոլար (2007թ.-ի առաջին ինն ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել), Աուստրալիան` 6 մլն 649,7 հազ. դոլար (նուազումը` 63,9%), Մեծ Բրիտանիան` 1 մլն 945,4 հազ. դոլար (նուազումը` 82,8%), Նիդերլանդները` 2 մլն 621,3 հազ. դոլար (նուազումը` 64,2%), Բելգիան` 2 մլն 608 հազ. դոլար (նուազումը` 12,7 անգամ): Ռուսաստանի ներդրումները կապի ոլորտում կազմել են 150 մլն 587,5 հազ. դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` 23 մլն 385,3 հազ. դոլար, էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրութեան ու բաշխման ոլորտում` 225 մլն 762,2 հազ. դոլար, սպառողներին այլ տեսակի ծառայութիւնների մատուցման ոլորտում ` 18 մլն 409 հազ. դոլար, հանգստի կազմակերպման ոլորտում` 6 մլն 161,8 հազ. դոլար, անհատական ծառայութիւնների մատուցման ոլորտում` 3 մլն 637,7 հազ. դոլար, ցամաքային տրանսպորտի ոլորտում` 136 մլն 330 հազ. դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից 48 մլն 698,1 հազ. դոլարը կատարուել է օդային տրանսպորտի, 8 մլն 611,5 հազ. դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունէութեան, 21 մլն 673,7 հազ. դոլարը` գիւղատնտեսութեան ոլորտներում: Լիբանանի ներդրումներից 28 մլն 659,6 հազ. դոլարը կատարուել է կապի ոլորտում: Կիպրոսը 8 մլն 526,8 հազ. դոլարի ներդրում է կատարել հանքագործական արդյունաբերությունում: Ֆրանսիական ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են սննդամթերքի, ներառեալ` խմիչքների, արտադրութեան ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից 10 մլն 577 հազ. դոլարն ուղղուել է հաշւողական տեխնիկայի հետ կապուած գործունէութեան, 3 մլն 789,9 հազ. դոլարը` հետազօտութիւնների եւ մշակումների, 3 մլն 763,4 հազ.դոլարը` հիւրանոցների եւ ռեստորանների կողմից ծառայութիւնների մատուցման ոլորտներ, 3 մլն 183,9 հազ. դոլարը` սպառողներին այլ տեսակի ծառայութիւնների մատուցման ոլորտ: Գերմանիայի կատարած ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են Հայաստանի հանքագործական արդիւնաբերութիւն, իսկ աուստրալական ներդրումները` մետաղի հանքաքարի արդիւնահանման ոլորտ: Լյուքսեմբուրգի կատարած ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են սննդամթերքի, ներառեալ` խմիչքների, արտադրութեան ոլորտ, իսկ Լիխտեյնշտեյնի ներդրումները` մետաղագործական արդիւնաբերութիւն: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ներդումների 908,6 հազ. դոլարը կատարուել է հրատարակչական եւ պոլիգրաֆիական գործունէութեան, գրանցուած տեղեկատվությամբ կրիչների բազմացման ոլորտում, 767 հազ. դոլարը` ռետինէ եւ առաձգազանգվածե արտադրատեսակների արտադրութեան ոլորտում, Նիդերլանդների ներդրումներն ամբողջութեամբ կատարուել են սպառողներին այլ տեսակի ծառայութիւնների մատուցման ոլորտում, իսկ Բելգիայի ներդրումները` կահոյքի եւ այլ խմբաւորումների մէջ չներառուած արտադրատեսակների արտադրութեան ոլորտում:
  -   Տնտեսութիւն