Ալեքսեյ Միլլեր. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ<br /> համագործակցութիւնն ունի երկարատեւ եւ փոխշահավետ բնոյթ<br />


Ալեքսեյ Միլլեր. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ
համագործակցութիւնն ունի երկարատեւ եւ փոխշահավետ բնոյթ

  • 01-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական համագործակցութեան բարձր մակարդակի հիման վրայ էներգետիկայի բնագաւառում երկու երկրների միջեւ համագործակցութիւնն ունի երկարաժամկէտ եւ փոխշահավետ բնոյթ,- Արարատ քաղաքի մերձակայքում «Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի գծային հատուածի շինարարութեան աւարտին նուիրուած դեկտեմբերի 1-ի հանդիսաւոր արարողութեանը նշեց ռուսաստանեան «Գազպրոմ» ԲԲԸ վարչութեան նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ գազատարի գծային աշխատանքները լրիւ աւարտուել են, մի քանի օրից կսկսուեն փորձարկման աշխատանքները, այդպիսով գազատարը կյանձնուի շահագործման: «Գազը մենք կարող ենք բերել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտութիւնը մենք կունենանք»,- ասաց նախարարը, աւելացնելով, որ խողովակաշարի կառուցումը հնարաւորութիւն կտայ Հայաստան բերել տարեկան մինչեւ 2,3 -2,5 մլրդ խոր մ գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետութեան էներգետիկ անվտանգութիւնը: Նա նշեց նաեւ, որ երբ իրանական գազի առաքման համաձայնութիւն լինի Իրանի եւ այլ երկրների միջեւ, Հայաստանը տարանցման վերաբերեալ համապատասխան որոշում կկայացնի` ելնելով երկրի քաղաքական, տնտեսական շահավետվությունից: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերաբերեալ նախարարը նշեց, որ բլոկում աշխատանքները շարունակւում են, արդէն սկսուած են զուտ մոնտաժային կարգաբերման աշխատանքները եւ 8 ամիս կամ մօտ մէկ տարի յետոյ նաեւ այն կյանձնուի շահագործման, դրանով Հայաստանը կունենայ շուրջ 430-450 մվտ հզորութեամբ ժամանակակից տնտեսագիտական պահանջներին համապատասխանող կառոյց, որը հնարաւորութիւն կտայ ապահովել ներքին անվտանգութիւնը եւ ամբողջովին օգտագործել արտահանման հնարաւորութիւնները: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերեալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նախապատրաստւում են կառոյցի ծրագրի ղեկավարի մրցոյթի փաստաթղթերը, որոնք կներկայացուեն կառավարութիւն: Եթէ վերջինս համապատասխան որոշում կայացնի, կյայտարարուի մրցոյթը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ գազատարի նախագծի պատրաստման փուլում ոչ ոք չէր հաւատում, որ այն կիրագործուի` ռելիեֆային բարդ տեղանքի պատճառով, սակայն այն իրագործուեց: «Յուսով ենք, որ սա կնպաստի, որ է'լ աւելի ջերմանա Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամութիւնը»,- ասաց դեսպանը, աւելացնելով, որ մինչ յաջորդ ամսուայ վերջը իրանական կողմը պատրաստ կլինի գազ արտահանել Հայաստան: «Մենք ուզում ենք, որ այս տարուայ ձմռանը Հայաստանի ժողովրդի տներում տեղադրուած վառարանները վառվեն իրանական գազից»,- ասաց իրանցի դիւանագէտը: Սկզբի համար Իրանը պատրաստ է տարեկան մօտ 1 մլրդ խորանարդ մ գազ արտահանել, իրանական գազի 1 խորանարդ մետրի դիմաց որպէս վճարում պէտք է Իրան մատակարարուի 3 կվտ /ժամ էլեկտրաէներգիա:
  -   Տնտեսութիւն