ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՐԴԷՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՒՈՒՄ<br />


ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՐԴԷՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՒՈՒՄ

  • 17-10-2008 18:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում գրանցուած առաւել խոշոր շուրջ 80 առեւտրի կազմակերպման վայրերում, ուր գործում են 9144 վաճառատեղեր, հոկտեմբերի 17-ի դրութեամբ տեղադրուած են 2900 ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Ինչպէս նոյն օրուայ ասուլիսում նշեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Արմէն Ալավերդեանը, ՀԴՄ ներկրող 5 ընկերութիւնները պատուիրել եւ առաջիկայում տոնավաճառներին կտրամադրեն աւելի քան 4000 ցանցային դրամարկղային մեքենա: Ըստ նրա, ներկրողների հետ առեւտրի կազմակերպիչների կնքած պայմանագրերով պատուիրուած ՀԴՄ-ների թիւը 7302 է: Ա.Ալավերդեանի խօսքերով, այդ թուերը վկայում են այն մասին, որ որակական առումով լուրջ առաջընթաց է արձանագրուել մէկ ամիս առաջ սկսուած ՀԴՄ-ների ներդրման գործընթացում: Նա միաժամանակ նշեց, որ այն նոյն հաջողութեամբ չի ընթանում մարզկենտրոններում, մասնաւորապէս, Արմաւիրում, Կոտայքում, Աբովեանում, Գյումիրում, Վանաձորում եւ Մարտունիում: Կոմիտէի նախագահի տեղակալը մէկ անգամ եւս յիշեցրեց, որ առեւտրի կազմակերպման այն վայրերը, որոնք չեն բաւարարի լիցենզաւորման համար անհրաժեշտ պայմանները, այդ թւում ՀԴՄ-ների առկայութեան, կդադարեցնեն իրենց գործունէութիւնը: Նա յայտնեց, որ արդէն առեւտրի կազմակերպման աւելի քան 20 վայրեր դադարեցրել են իրենց գործունէութիւնը հենց այդ պատճառով: Նշուեց նաեւ, որ կոմիտէի «թեժ գծով» ստացւում են բողոքներ այն մասին, որ որոշ վայրերում վաճառողներին պարտադրում են իրենց միջոցներով ձեռք բերել ՀԴՄ-ներ: Մինչդեռ, ըստ Ա.Ալավերդեանի, դրանք պէտք է ձեռք բերեն առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչները: Ա.Ալավերդեանը յայտնեց, որ առեւտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների ներդրման գործընթացը նախատեսւում է աւարտել հոկտեմբերի վերջերին: Ըստ նրա, գործընթացը հնարավորինս սեղմ ժամկէտներում աւարտելու համար կոմիտէի մասնագէտները աջակցում են առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչներին եւ ՀԴՄ ներկրող ընկերութիւններին: Նշուեց, որ ներկայումս քննարկւում են առեւտրի իրականացման վայրերում տեղադրուած ՀԴՄ-ների ցանցի միջոցով տուեալների ստացման տարբերակները:
  -   Տնտեսութիւն