ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏԵԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ԱՆԿՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԷՏԸ ԿԼԻՆԻ ՁՄՌԱՆԸ<br />


ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏԵԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԱՆԿՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԷՏԸ ԿԼԻՆԻ ՁՄՌԱՆԸ

  • 14-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսական ճգնաժամը կանդրադառնա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսութիւնների վրայ, եւ հնարաւոր է, որ այդ պետութիւնների տնտեսական վիճակի ամենախոր վատթարացումը լինի ձմռանը: Այսպիսի կանխատեսում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը «Կովկասեան լրագրողների ցանցի» կազմակերպած օն-լայն մամլոյ ասուլիսում: Նա բացատրել է, որ Հայաստանի համար գոյութիւն ունեն բանկերի իրացուելիութեան, արտասահմանից տրանսֆերտների նուազման, բաժնետոմսերի թողարկման անյուսալիութեան, լեռնամետալուրգիական ճիւղի ճգնաժամի, բնակարանային շինարարութեան կտրուկ անկման ռիսկեր: Ադրբեջանի համար այդ համալիրին նա աւելացրել է նաւթի գների նուազումը, իսկ Վրաստանի համար` էական կորուստները բեռնափոխադրումների նուազման պատճառով: Հ.Բագրատեանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսութիւնը այնքան էլ չտուժեց Վրաստանում վերջին ռազմական գործողութիւնների պատճառով, քանի որ «միացրեց խնայողութեան լրացուցիչ շարժիչներ եւ պահպանեց գոյութիւնը»: Այդ իրադարձութիւնները վատ անդրադարձան Հայաստանի էներգետիկ ապահովման վրայ` Ռուսաստանի հետ հաղորդակցական կապի ժամանակաւոր դադարեցման միջոցով: Սակայն, «մեծ հաշւով, եթէ վերցնենք վերջին, ասենք, 20 տարին, Հայաստանին յաջողւում է վերապրել: Պատահական չէ, որ Հայաստանն ունի ՀՆԱ-ի միաւորի արտադրութեան էներգատարողության ամենացածր ցուցանիշը, որով մենք կարող ենք համեմատվել արեւմտաեվրոպական երկրների հետ: Մի խօսքով, վատ է, բայց ոչ անելանելի»,- նշել է Հ.Բագրատեանը: Նախկին վարչապետը կարծիքով, Հայաստանը կարող է կարճաժամկէտ ժամանակամիջոցով էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին եւ Թուրքիային, իսկ իր էներգետիկական անվտանգութեան խնդիրը Հայաստանը կլուծի հիդրոէլեկտրակայանների զարգացման եւ նոր ատոմակայանի կառուցման միջոցով: Միւս կողմից, Հ.Բագրատեանը համեմատական առաւելութիւն է համարում Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը միակն է տարածաշրջանի 5 երկրներից, որ անմիջական իրական սահման ունի մնացած բոլոր չորսի հետ: «Այդ պատճառով քաղաքական հարցերի լուծմանը զուգընթաց մենք պարտաւոր ենք կոմունիկացիոն ծառայութիւններ մատուցել մեր հարեւաններին»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը:
  -   Տնտեսութիւն