ՀԱՅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ 90%-Ը ՄԵԿՆՈՒՄ Է<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆ<br />


ՀԱՅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ 90%-Ը ՄԵԿՆՈՒՄ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆ

  • 17-07-2008 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքի միջազգային կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ Եւրոմիութեան ֆինանսական աջակցութեամբ Երեւանում յուլիսի 17-ին կայացաւ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի արդիւնաւէտ կառավարում. միգրացիա եւ զարգացում, միգրացիա եւ դրամական փոխանցումներ» խորագրով քննարկումը: Ինչպէս նշուած է կազմակերպիչների տարածած յայտարարութիւնում, 1991-1998թթ.-ին Հայաստանից արտագաղթել է շուրջ 760-780 հազար մարդ, ինչ կազմում է 1991թ.-ի դրութեամբ երկրի բնակչութեան 20%-ը: 2002-2005թթ.-ին ԵԱՀԿ-ի կատարած ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ աշխատանքային միգրանտների շուրջ 90%-ն իբրեւ նպատակակէտ երկիր ընտրում են Ռուսաստանը, մասնաւորապէս, ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկուան: Հայաստանի արհմիութիւնների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատեանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի հիմնական պատճառներից մէկը հայրենիքում աշխատանք չգտնելն է, միւսը` այն գտնելու դէպքում էլ անբաւարար վաստակը: Գործատուների հանրապետական միութեան գործադիր տնօրէն Գագիկ Մակարեանի խօսքերով, միութիւնը վերջին տարիներին ջանքեր է գործադրում յատկապէս երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղութեամբ, որպէսզի կանխվի նրանց հնարաւոր արտագաղթը: Այդ նպատակով միութիւնը աջակցում է բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ-գործատու մշտական կապի հաստատմանը: Գ.Մակարեանը նշեց, որ գործատուները ցանկանում են աշխատանքի վերցնել ազնիւ եւ պարտաճանաչ մասնագէտների:
  -   Հասարակութիւն