ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2009 Թ.-Ի<br /> ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 291 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2009 Թ.-Ի
ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 291 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 28-10-2008 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի նախագծով, Սփիւռքի նորաստեղծ նախարարութեան պահպանման համար նախատեսուել է շուրջ 291 մլն դրամ, իսկ ծրագրերի իրականացման համար` շուրջ 100 մլն դրամ: Ծրագրերի համար յատկացուած գումարների 51,5 մլն դրամը նախատեսուած է Հայաստան-Սփիռք գործակցութեան միջոցառումների իրականացման համար, որոնք ուղղուած են լինելու կրթական, մշակոյթային, երիտասարդական ծրագրերին, Սփիւռքի կրթամշակութային հաստատութիւնների գործունէութեան աջակցութեանը, ինչպէս նաեւ կրթական որակի բարձրացմանը: Ինչպէս ԱԺ մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում յայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը, նախարարութիւնը ձեւաւորուել է ընթացիկ տարուայ հոկտեմբերի 1-ին, երբ բիւջէի նախագիծը արդէն ներկայացուել էր խորհրդարան, ուստի նախարարութեան ծրագրերի ֆինանսաւորման խնդիրները անհրաժեշտ է համատեղ քննարկել: Ըստ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, նախարարութեան գլխաւոր առաքելութիւնն է համակարգել գործադիր իշխանութեան մարմինների գործունէութիւնը Սփիռք-Հայրենիք գործակցութեան ասպարէզում, ուստի պետբիւջէով նախատեսւող գումարները իրոք շատ փոքր են այն իրականացնելու համար: Միեւնոյն ժամանակ նա նշեց, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն բացի պետբիւջէի յատկացումներից որոշակի հիմնադրամներից իրականացնել մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: Առաջիկայում իրականացուելիք ծրագրերից նախարարը յատկապէս կարեւորեց «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսւում է Հայաստան բերել 15-25 տարեկան տղաների եւ աղջիկների: Քանի որ համակարգում կարող են աշխատել միայն քաղծառայողներ, ուստի աշխատանքներ են տարւում սփիւռքահայերին նախարարութեան աշխատանքներին պայմանագրային հիմունքով ներգրաւելու համար: Ըստ Հ.Յակոբեանի, ՄԱԿ-ի հետ արդէն ստորագրուել է պայմանագիր եւ յայտարարուել է մրցոյթ սփիւռքահայերին նախարարութեան աշխատանքներին ներգրաւելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին նախատեսւում է անցկացնել կոնֆերանս` նուիրուած 1946-48թթ.-ի հայրենադարձութեանը, ինչը հնարաւորութիւն կտայ վերլուծել վերջինիս դասերը` առաջիկայում հայրենադարձութեան ծրագիրը մշակելու համար:
  -   Տնտեսութիւն