ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2008»-ԻՆ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 50 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀԻՒՐԵՐ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2008»-ԻՆ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 50 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀԻՒՐԵՐ

  • 26-09-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-5-ին Երեւանում կանցկացուի «արմթեք Կոնգրես 2008» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ 2-րդ համաժողով-ցուցահանդէսը, որին հրաւիրուած են եւ ելոյթներով հանդէս կգան աւելի քան 50 արտասահմանցի հիւրեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին կոնգրեսի լրատուական գրասենեակից, միջոցառումը նախատեսուած է այն մասնագէտների համար, ովքեր շահագրգռուած են բարձր տեխնոլոգիաների գլոբալ ներուժի միավորմամբ եւ Հայաստանի տեխնոլոգիաների շարունակաբար աճող ոլորտի զարգացմամբ: Համաժողովը բարձր տեխնոլոգիաների մասնագէտներին ու ձեռնարկութիւններին տալիս է ցանցային միջոցների կիրառման լայն հնարաւորութիւններ: Համաժողովի պլենար նիստի հիմնական զեկուցողներն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխաւոր խորհրդական Վահրամ Ներսիսեանցը, կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Արա Աւետիսեանը, ՀՀ Գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստեանը, Զարգացման հայկական գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կողմից ֆինանսաւորւող «Հայաստանի մրցունակ մասնաւոր հատուած» (CAPS) ծրագրի խմբի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը, «Իմպեվա Լեբզի» եւ «Վիասֆեր Ինթերնեյշնլ» վենչուրային ընկերութեան (ԱՄՆ) նախագահ Թոնի Մորոյեանը, «Սինոփսիս» ընկերութեան (ԱՄՆ) կորպորատիվ շուկայավարման եւ շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմէնիա» ընկերութեան նախագահ Ռիչ Գոլդմանը, «Վիրաժ Լոջիք» ընկերութեան (ԱՄՆ) առաջատար գիտնական եւ փոխնախագահ Երուանդ Զորյանը: Համաժողովի հիմնական թեմաներն են «ՀՀ կառավարութեան դիրքորոշումը «արմթեք Կոնգրես 2007»-ի արդիւնքների վերաբերեալ եւ դրանից բխող գործողութիւնները», «ՀՀ կառավարութեան ռազմավարութիւնը եւ նոր նախաձեռնութիւնները», «Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացում», «Այլընտրանքային/վերականգնուող էներգետիկա», «Դեղագործութիւն/նուրբ օրգանական քիմիա», «Թվանշային հաղորդակցում», «Կիսահաղորդիչների նախագծում եւ փորձաքննություն», «Գործարար միջավայր եւ ենթակառուցվածք»: Նշենք, որ «արմթեք Կոնգրես» առաջին համաժողովն անցկացուել է 2007թ.-ի յուլիսի 4-7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառումը, որին մասնակցում էին 300 մասնագէտներ եւ փորձագետներ, ԱՄՆ-ի, ՀՀ-ի, ինչպէս նաեւ աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիւ ընկերութիւնների, կրթական հաստատութիւնների եւ կառավարական մարմինների ներկայացուցիչների հնարաւորութիւն ընձեռեց հանդէս գալու տեխնոլոգիական ձեռքբերումների եւ ոլորտի մարտահրավերների վերաբերեալ ելոյթներով եւ շնորհանդեսներով: Յիշեցնենք նաեւ, որ «արմթեք» մշտական գործող կազմակերպչական գրասենեակը (www.armtechcongress.com) հիմնադրուել է տեխնոլոգիաների եւ գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագաւառում մասնագիտական առաջընթացն ապահովելու եւ տեխնոլգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Գրասենեակը տեղակայուած է Սիլիկոնային հովտում (ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը, որը գտնւում է Կալիֆորնիայում): «արմթեք Կոնգրես 2007»-ի յաջող ընթացքից յետոյ, միջազգային տեխնոլոգիական եւ գործարար համաժողովների շարունակական անցկացումը դարձել է կազմակերպութեան հիմնական նպատակը:
  -   Տնտեսութիւն