ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,75%<br />


ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,75%

  • 02-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%: ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից յայտնեցին, որ թէեւ օգոստոսին յուլիսի նկատմամբ արձանագրուել է 0,7% գնանկում, 12-ամսեայ գնաճը աւելացել է 0,8 տոկոսային կէտով` կազմելով 11,5%: Վերջինս հիմնականում պայմանաւորուած է վերջերս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով եւ «հացամթերք» ապրանքախմբի գների աճի անփոփոխ վարքագծով` ակնկալուող նուազման փոխարէն: ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ թէեւ օգոստոսին արտաքին հատուածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ, այնուամենայնիւ Հայաստանի ներքին շուկայի վրայ այս միտումները էական ազդեցութիւն չեն ունեցել: Դա պայմանաւորուել է ինչպէս տարածաշրջանում ընթացող իրադարձութիւնների արդիւնքում դէպի Հայաստան ապրանքներ ներմուծելու արգելակումների առաջացմամբ, այնպէս էլ` առանձին ապրանքների ներքին շուկաների անկատարութեան հետեւանքով արտաքին գնաճային ճնշումների թուլացմանը ներքին գների դանդաղ արձագանքմամբ: Այդուհանդերձ, եթէ դէպի Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտները շարունակական բնոյթ չկրեն, ներքին պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի: Հակառակ դէպքում էական ռիսկ կառաջանայ ինչպէս գնաճի աւելացման, այնպէս էլ երկարաժամկէտ յատուածում տնտեսական աճի տեմպերի նուազման առումով: ԿԲ-ի խորհուրդը, կարեւորելով գնաճային սպասումների մեղմման ու նպատակային թիրախից շեղումների նուազեցման խնդիրները եւ հաշուի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների բնոյթի եւ տեւականության վերաբերեալ անորոշութիւնները, մնում է այն համոզման, որ վերաֆինանսաւորման տոկոսադրույքի յետագայ ճշգրտումները գերազանցապէս կախուած կլինեն առաջիկայ ամիսներին տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ համաշխարհային շուկաներում ապրանքների գների միտումներին ներքին գների արձագանքման արագութիւնից եւ չափից: Պարզաբանենք, որ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով ԿԲ-ն բարձրացնում է վարկաւորման «գինը» եւ նուազեցնում ապրանքների, ծառայութիւնների առաջարկի համեմատ փողի «արժեզրկումը», հետեւաբար` գների աճը: «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների բնոյթի եւ տեւականության վերաբերեալ անորոշութիւնները» վերաբերում են Հարաւային Օսիայում ռազմական բախումից յետոյ Վրաստանով Հայաստան ապրանքների ներմուծման ծաւալների հնարաւոր նուազմանը, ինչը տեղի է ունեցել նաեւ յետագայ օրերին: Վրաստանով Հայաստան ապրանքների ներմուծումն առայժմ ամենադրույինն ու էժանն է: Այդ ճանապարհի փակման դէպքում հնարաւոր է ապրանքների դեֆիցիտի առաջացում, ինչը կնպաստի նաեւ գների բարձրացմանը:
  -   Տնտեսութիւն