ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՅԹՆԵՐԻ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՅԹՆԵՐԻ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

  • 18-01-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-ին ամփոփուեցին Հայաստանի Թեքեյան մշակոյթային միութեան (ՀԹՄՄ) յայտարարած «Վահան Թեքեյան» եւ «Արա եւ Մարալ» ամենամեայ մրցոյթների արդիւնքները: Մրցանակների յանձնման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը, կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, բարձրաստիճան այլ պաշտոնեաներ եւ մտաւորականներ: «Վահան Թեքեյան» մրցոյթի յաղթողներին 1000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ յանձնուեցին 7 անուանակարգերում: Գրականութեան անուանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհուեց Լիւդվիգ Դուրյանին` «Մեր տարիքն Արարատն է» գրքի համար: Ռադիոհեռուստատեսության բնագաւառում յաղթող ճանաչուեց Արտեմ Սարգսեանը` «Դարը» հեղինակային հաղորդաշարի համար, իսկ «Ազգ» օրաթերթում հրապարակուած լաւագոյն յոդուածների համար «Յակոբ Վարդիվառյան» մրցանակի արժանացավ նոյն թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը: Սոցիալ-քաղաքական երգիծանք անուանակարգում «Դաւիթի պարսատիկից» մրցանակը շնորհուեց Արամայիս Սահակեանին` «Ծիծաղի տուն» հեղինակային հաղորդաշարի համար: Կերպարուեստի ասպարէզում յաղթող ճանաչուեց Վարուժան Վարդանեանը: «Գեղանկարչութիւն» անուանակարգում նրան մրցանակ շնորհուեց «Տիրամայրը մանկան հետ» կտաւի համար, «Քանդակ» անուանակարգում մրցանակը շնորհուեց Գետիկ Բաղդասարեանին` «Եղիշե Չարենց» դիմաքանդակի համար: «Երաժշտություն» անուանակարգում մրցանակի արժանացավ Ջիւան Գասպարեանը` «Հին ու նոր յուշեր» ձայներիզի համար: «Արա եւ Մարալ» մանկապատանեկան մրցոյթում յաղթող ճանաչուեց Ռուբէն Յախւերդեանը` «0-ից 100 տարեկան երեխաներին» գիրք-ձայնասկաւառակի համար:
  -   Մշակոյթ