ԹԵԼ ԱՒԻՒ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի եւ
պաղեստինցիների միջեւ Երուսաղեմը բաժանելու հարցը կդրուի
Աննապոլիսում (ԱՄՆ) նոյեմբերին Մերձաւոր Արեւելքի հարցերին նուիրուած
միջազգային հանդիպման ժամանակ: Այս մասին, ինչպէս գրում է
«Ջերուզալեմ պոստ» թերթը, յայտարարել է Իսրայելի փոխվարչապետ Խայիմ
Ռամոնը` պարզաբանելով կառավարութեան դիրքորոշումը Պաղեստինի
ազգային վարչակազմի հետ բանակցութիւններում:
«Իսրայելը շահագրգռուած է, որպէսզի ճանաչուեն Երուսաղեմի
հրեական բոլոր արուարձանները եւ որպէսզի պաղեստինեան
ինքնիշխանութեանը յանձնուեն արաբական բոլոր շրջանները: Այսպիսին են
մեր դիւանագիտական հորիզոնները»,- յայտարարել է քաղաքական գործիչը:
«Մենք կամենում ենք, որպէսզի Իսրայելը լինի ժողովրդավարական
հրեական պետութիւն: Կլինեն տարածքային փոխանակումներ: Երուսաղեմի
դէպքում` արաբականը կդառնայ պաղեստինեան, հրեականը` իսրայելական»,-
աւելացրել է նա: Ռամոնն ընդգծել է, որ Հին քաղաքում երեք կրօնների
սրբավայրերը կստանան «յատուկ ինքնիշխանություն», սակայն «Արեւմտյան
պատը» (Լացի պատը), հրեական թաղամասը եւ միւս (հրեական)
սրբավայրերը հաւերժ կմնան իսրայելեան ինքնիշխանութեան ներքոյ»: