ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՇԷՆՔՈՒՄ
06-09-2007 19:45:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յակոբ Պարոնեանի անուան
երաժշտական կոմեդիայի թատրոնի 65-րդ թատերաշրջանը կբացուի
սեպտեմբերի 7-ին «Ատամնաբոյժն արեւելյան» ներկայացումով: Ինչպէս
սեպտեմբերի 6-ի ասուլիսում յայտնեց թատրոնի գեղարուեստական ղեկավար
Երուանդ Ղազանչեանը, ներկայացումը նուիրուելու է «Ատամնաբոյժն
արեւելյան» օպերետի առաջին բեմելի 70-ամեակին:
«70 տարի առաջ հայ թատրոնի դասական Վարդան Աճէմեանի
բեմադրութեամբ թատրոնում առաջին անգամ ներկայացուեց «Ատամնաբոյժն
արեւելյան» ներկայացումը: Իսկ Արտեմի Այվազեանի, Վարդան Աճէմեանի,
Էդուարդ Համբարձումեանի, Սւետլանա Գրիգորեանի եւ թատրոնի լեգենդ
Կարպ Խաչվանքեանի մասնակցութիւնը այդ բեմադրությունում վկայում է
թատրոնի հիմքի պրոֆեսիոնալ լինելը»,- նշեց Ե.Ղազանչեանը:
Ըստ նրա, թատրոնը հաւատարիմ մնալով իր աւանդոյթներին
խաղացանկը համալրել է հիմնականում հայ դասական եւ ժամանակակից
հեղինակների գործերով: Անդրադարնալով թատրոնի երիտասարդացման
խնդրին, Ե.Ղազանչեանը յայտնեց, որ վերջին 2 տարում 7 երիտասարդ
դերասաններ են ընդունուել խումբ: «Որ թատրոնում էլ աշխատել եմ, այն
բլոկադայի չեմ ենթարկել: Հիմա մեր թատրոնի ոչ միայն դռները, այլ
նաեւ պատուհաններն են բաց բոլոր այն երիտասարդ ռեժիսորների ու
դերասանների առջեւ, ովքեր կցանկանան մեզ մօտ աշխատել»,- յայտարարեց
թատրոնի ղեկավարը:
Անդրադառնալով թատրոնի շէնքի վերանորոգման աշխատանքներին,
թատրոնի տնօրէն Կ.Շահբազեանը նշեց. «Այսօր Երեւան քաղաքում բացի
մեր թատրոնից չկայ մէկը, որ վերանորոգուած չլինի: 2002 թուականին, երբ
վերանորոգւում էին մշակոյթային օջախները, որոշուեց, որ մեր թատրոնը
պէտք է գործի: 2 տարի օր ու գիշեր երաժշտական կոմեդիայի թատրոնը
սպասարկեց հանրութեանը: Այդ ծանրաբեռնուածութիւնն էլ նպաստեց
բեմական մեխանիզացիայի ժամանակից շուտ շարքից դուրս գալուն»:
Կ.Շահբազեանը փաստեց, որ շէնքային վատ պայմանների, ձմռանը
ջեռուցման բացակայութեան պատճառով ստիպուած են լինում 2 անգամ
թատերաշրջանը բացել: «Այս տարի պետական բյուջեյից որոշակի գումար
էր յատկացուել տանիքի վերանորոգման համար: Սակայն վերանորոգման
աշխատանքները 15 օր է ընդհատված են, տանիքն էլ կիսատ է
վերանորոգուած: Պատճառը նախագծային եւ նախահաշուային սխալն է, ու
հիմա չգիտենք, թէ ինչ է լինելու քանդված տանիքի հետ»,- յաւելեց նա: