ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԵՎ ԲԱՐԻ<br /> ԸՆԹԱՑՔ ՄԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ<br />


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԵՎ ԲԱՐԻ
ԸՆԹԱՑՔ ՄԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

  • 07-06-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ գումարման անդրանիկ նիստում հանդէս եկաւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որը ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով դիմեց նորակազմ խորհրդարանի պատգամաւորներին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատուական համակարգից: Իր խօսքում Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս ասաց. «Ինքնիշխան պետականութեան վերահաստատումից ի վեր Ազգային Ժողովը կարեւոր նպաստ է բերել պետականաշինության գործին, օրէնքներ է մշակել յանուն մեր երկրում որոշիչ վերափոխումների իրականացման, հոգեւոր, տնտեսական եւ ընկերային կեանքի բարեփոխման, կրթութեան, գիտութեան ու մշակոյթի առաջընթացի: Դուք, մեծարգոյ պատգամաւորներ, կոչուած եք օրէնսդիր բարձր իշխանությամբ ծառայելու մեր Հայրենիքին ու ժողովրդին այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդը աւելի մօտ է տեսնում հզօր ու բարօր Հայրենիքի, ապահով ու երջանիկ կեանքի իր տեսիլքը: Աւելի պակաս ջանքեր ու աւելի պակաս նուիրում չպիտի պահանջվեն այդ ճանապարհին: Հարկ ի վերա ձեր կայ` արդիւնաւորութեամբ շարունակելու Ազգային Ժողովի առաքելութիւնը: Արդ, խնդրենք, որ Տերը մեր Քրիստոս յաւելի մեզանում հաւատը ճշմարտադավան, յոյսը` կենարար եւ սէրը` հրաշագործող` բարիք ստեղծելու ու բարին գործելու, մեր պատմութեան հուսաբեր նոր օրը կերտելու: Մաղթում ենք ձեզ, սիրելի պատգամաւորներ, կորովաշատ ծառայութիւն եւ բազմարդյուն գործունէութիւն, որպէսզի դուք եւ մեր ողջ ժողովուրդը ուրախանանք ձեր ջանքերի առատ պտուղներով: Թող հանապազօրյա Մեր աղօթքով եւ մեր սուրբ նախնեաց բարեխօսութեամբ Տիրոջ ճշմարտութեան հոգին միշտ առաջնորդ լինի ձեզ: Յաջողութիւն ձեզ եւ բարի ընթացք Ազգային Ժողովի աշխատանքներին»:
  -   Հասարակութիւն