ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԵՎ ԲԱՐԻ
ԸՆԹԱՑՔ ՄԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
07-06-2007 19:25:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 7-ին ՀՀ Ազգային
Ժողովի 4-րդ գումարման անդրանիկ նիստում հանդէս եկաւ Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոսը, որը ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով
դիմեց նորակազմ խորհրդարանի պատգամաւորներին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատուական
համակարգից: Իր խօսքում Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս ասաց.
«Ինքնիշխան պետականութեան վերահաստատումից ի վեր Ազգային
Ժողովը կարեւոր նպաստ է բերել պետականաշինության գործին, օրէնքներ է
մշակել յանուն մեր երկրում որոշիչ վերափոխումների իրականացման,
հոգեւոր, տնտեսական եւ ընկերային կեանքի բարեփոխման, կրթութեան,
գիտութեան ու մշակոյթի առաջընթացի: Դուք, մեծարգոյ պատգամաւորներ,
կոչուած եք օրէնսդիր բարձր իշխանությամբ ծառայելու մեր Հայրենիքին
ու ժողովրդին այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդը աւելի մօտ է
տեսնում հզօր ու բարօր Հայրենիքի, ապահով ու երջանիկ կեանքի իր
տեսիլքը: Աւելի պակաս ջանքեր ու աւելի պակաս նուիրում չպիտի
պահանջվեն այդ ճանապարհին: Հարկ ի վերա ձեր կայ` արդիւնաւորութեամբ
շարունակելու Ազգային Ժողովի առաքելութիւնը:
Արդ, խնդրենք, որ Տերը մեր Քրիստոս յաւելի մեզանում հաւատը
ճշմարտադավան, յոյսը` կենարար եւ սէրը` հրաշագործող` բարիք
ստեղծելու ու բարին գործելու, մեր պատմութեան հուսաբեր նոր օրը
կերտելու:
Մաղթում ենք ձեզ, սիրելի պատգամաւորներ, կորովաշատ
ծառայութիւն եւ բազմարդյուն գործունէութիւն, որպէսզի դուք եւ մեր
ողջ ժողովուրդը ուրախանանք ձեր ջանքերի առատ պտուղներով:
Թող հանապազօրյա Մեր աղօթքով եւ մեր սուրբ նախնեաց
բարեխօսութեամբ Տիրոջ ճշմարտութեան հոգին միշտ առաջնորդ լինի ձեզ:
Յաջողութիւն ձեզ եւ բարի ընթացք Ազգային Ժողովի աշխատանքներին»: