ՄԱԴԵՅՐԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ<br /> ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ՄԱԴԵՅՐԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 04-06-2007 19:45:00   |   |  Հասարակութիւն
ՄԱԴԵՅՐԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-28-ը Մադեյրայում (Պորտուգալիա) կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: ԽՎ Գլխաւոր քարտուղար Ս. Լանի հրաւէրով, նստաշրջանին որպէս դիտորդ մասնակցել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելութեան ղեկավար Ս.Մկրտչեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, նստաշրջանին առանցքային ելոյթներով հանդէս են եկել ԽՎ նախագահ Խոսե Լելլոն, Պորտուգալիայի խորհրդարանի փոխնախագահ Գիլլերմե Սիլվան, ՆԱՏՕ-ի Գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոն, Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձէն: Հինգ կոմիտեներում` Քաղաքական, Պաշտպանութեան եւ անվտանգութեան, Տնտեսութեան եւ անվտանգութեան, Գիտութեան եւ տեխնոլոգիայի, Անվտանգութեան քաղաքացիական չափման, քննարկման հիմնական թեմաներն էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողութիւնը, Ռուսաստանի ներքին զարգացումները եւ արտաքին քաղաքական մօտեցումները, Կոսովոյի հիմնախնդրի կարգաւորումը, ՆԱՏՕ-ԵՄ գործառնական համագործակցութիւնը, հակահրթիռային պաշտպանութեան համակարգերը, կլիմայական փոփոխութիւնները, Վրաստանի տնտեսական եւ քաղաքական վերափոխումը եւ ՆԱՏՕ-ին անդամակցութեան հեռանկարները, պետութեան եւ կրօնի փոխհարաբերությունները Սեւծովեան տարածաշրջանում: ԽՎ նախագահն այս նստաշրջանում, թերեւս առաջին անգամ, յստակօրէն յայտարարեց ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգ մշակելու անհրաժեշտութեան մասին: Միւս կարեւորագոյն խնդիրը, որը պէտք է ուշադրութեան կենտրոնում լինի, Դաշինքի աշխարհագրական ընդգրկումն է` անդամութեան եւ գործընկերութեան առումներով, ինչպէս նաեւ առաւել արդիւնաւէտ համագործակցութիւնը ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ: Նստաշրջանի բացասական դրսեւորումներից էր դիրքորոշումների սուր հակադրութիւնը Ռուսաստանի եւ Դաշինքի անդամ պետութիւնների միջեւ: Դա արտայայտւում էր Վրաստանին միանշանակ աջակցութեան առումով, Կոսովոյի հիմնախնդրի կարգաւորման, Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկեան հակահրթիռային համակարգի տեղակայման հարցերում: Նիդեռլանդացի պատգամաւոր Բերտ Միդդելի «Պետութիւնը եւ կրօնը Սեւծովեան տարածաշրջանում» զեկոյցի նախագծի համապատասխան բաժինը ներկայացնում էր Հայաստանում տիրող իրավիճակը: Զեկոյցի հեղինակը արդարացիօրէն եզրայանգում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն ի սկզբանէ կրոնական հիմք չի ունեցել: Ադրբեջանական պատուիրակութիւնը ակտիւ կերպով փորձում էր ապացուցել հակառակը: Այս զեկոյցը կրկին պէտք է քննարկվի հոկտեմբերին Ռեյկյավիկում կայանալիք ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում:
  -   Հասարակութիւն