Ծաղկաձորում անցկացւում է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի<br /> շուկաները կարգաւորող պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ<br /> նիստը<br />


Ծաղկաձորում անցկացւում է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի
շուկաները կարգաւորող պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ
նիստը

  • 10-11-2009 19:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին Ծաղկաձորում երկօրեայ աշխատանքը սկսեց ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգաւորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, խորհուրդը քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունուած որոշումների եւ հանձնարարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նուազեցնելու միջոցառումների մշակման եւ ներդրողների օրինական իրաւունքների պաշտպանութեան նպատակով անդամ երկրների միջեւ գաղտնի տեղեկութիւնների փոխանակման ու օգտագործման հարցերը: Մասնակիցների կողմից ներկայացուելու են արժեթղթերի շուկաներում հաշուարկային համակարգը եւ արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգաւորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծութիւններ, ինչպէս նաեւ ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին տեղեկատուութիւն: Խորհուրդը 2008թ.-ից նախագահող ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկայ վիճակը: Նա, մասնաւորապէս, նշել է, որ Հայաստանը ներկայումս իրականացնում է կենսաթօշակային բարեփոխում, եւ մտադիր է 2011թ.-ից անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի: «Այս համատեքստում կուզենայի նշել, որ մենք բաւականին լրջօրէն ենք վերաբերւում բարեփոխման սոցիալական բաղադրիչին եւ չենք անտեսում նաեւ դրա մեծ, օժանդակող դերակատարութիւնը արժեթղթերի շուկայի զարգացման գործում»,- ասել է Ա.Ջաւադեանը: Ըստ նրա, ներկայումս մշակման փուլում են գտնւում ներդրումային հիմնադրամների եւ կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրէնքների նախագծերը: «Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդիւնքում մեր ֆինանսական շուկայում ի յայտ կգան ներդրումային հիմնադրամներ եւ իրենց գործունէութիւնը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Յուսով ենք, որ զարգացում կապրի նաեւ կեանքի ապահովագրութեան ոլորտը»,- ասել է նա` հոյս յայտնելով, որ բարեփոխման արդիւնքում Հայաստանի ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնայ աւելի գրաւիչ: Ա.Ջաւադեանը նշել է նաեւ ՀՀ ԿԲ-ի եւ «ՆԱՍԴԱՔ ՕMX»-ի 2008թ.-ից սկսուած համագործակցութեան մասին, ինչի արդիւնքում ձեռնարկւում են արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղուած միջոցառումներ: Ըստ ԿԲ-ի նախագահի, յետագայում պետական սեփականութեան մասնավորեցումը Հայաստանում կիրականացուի «ՆԱՍԴԱՔ ՕMX Հայաստան» ֆոնդային բորսայի միջոցով: Նշուվել է նաեւ, որ այս ուղղութեամբ տարւում են համապատասխան աշխատանքներ, եւ մօտակայ ամիսներին հինգ պետական ընկերութիւններ բորսայի միջոցով կվերածուեն մասնաւորի: ԿԲ-ի նախագահն ընդգծել է, որ առաջիկայ տարում եւս կշարունակուեն 2007թ.-ից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղուած են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: «Այս ուղղութեամբ ծաւալուող գործունէութիւնը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ եւ մասնագիտացուած անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային եւ կենսաթօշակային հիմնադրամներ) ձեւաւորումը, տեղեկութիւնների բացայայտման արդիւնաւէտ մեխանիզմների մշակումը»,- ասել է նա: Տեղեկանք. ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգաւորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծուել է 2003թ.-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկայումս Խորհրդի կազմում ընդգրկուած են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Խորհրդի գործունէութեան հիմնական խնդիրներն են արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման խորացումը, արժեթղթերի շուկայի կարգաւորման միջազգային չափանիշների ձեւաւորման նպատակով համագործակցութեան ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի յետագայ ազատականացման համար պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրաւունքների եւ օրինական շահերի երաշխավորված ու արդիւնաւէտ պաշտպանութեան ապահովումը, արժեթղթերի շուկայում արդիւնաւէտ վերահսկման համակարգի ստեղծումը:
  -   Տնտեսութիւն