2009թ.-ի երկրորդ կէսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերէն
կայքը
18-03-2009 20:46:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի երկրորդ կէսին
կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերէն վեբ-կայքը: Այս մասին մարտի
18-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան հայկական մասնաճիւղ
«Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերութեան տնօրէն Գրիգոր
Բարսեղեանը:
Նրա խօսքերով, նախատեսւում է, որ կայքը կունենայ
microsoft.com/am հասցէն, որտեղ վերահսցեագրվելու են նաեւ
microsoft.am-ով որոնումները: «Հայերէն կայքի կարիքը մենք շատ ենք
զգում, եւ, կարծում եմ, որ մասնագիտական եւ այլ շրջանակներում այդ
կարիքը եւս կայ»,-ասաց Գ.Բարսեղեանը:
Նա նաեւ յայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ը 2009թ.-ի երկրորդ կէսին
թողարկելու է իր նոր` «Windows 7» գործառնական համակարգը, որը
պաշտօնապէս կներկայացուի նաեւ Հայաստանում: Գ.Բարսեղեանը կարծիք
յայտնեց, որ «Windows 7»-ի հայերէն տեղայնացումը կիրականացուի շատ
աւելի արագ, քան «Windows Vista» եւ «Windows XP»
գործառնական համակարգերինը: