Հայաստանում արդէն գործում են հայկական «Բարվա» ընկերութեան
արտադրութեան 12 հակակարկտային կայանքներ
27-02-2009 22:50:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում արդէն
գործում են «Բարվա» ընկերութեան արտադրութեան «Զենիթ» կոչւող 12
հակակարկտային կայաններ: Պետական ծրագրով նախատեսւում է երկրում
տեղակայել մինչեւ 1 000 հակակարկտային կայաններ: Այս մասին
փետրուարի 27-ին, կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային
արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նուիրուած
սեմինարի ժամանակ յայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխաւոր տնօրէն,
«Բարվա» ընկերութեան նախագահ Արամ Վարդանեանը:
Նրա խօսքերով, Հայաստանում կան տարեկան մինչեւ 200
հակակարկտային կայաններ արտադրելու եւ տեղակայելու
հնարաւորութիւններ: Մասնաւորապէս, «խոշոր հողատերերն այս տարի
պատուիրելու են 7-8 կայաններ»:
Նշուեց, որ «Զենիթ»-ը նախկինում կիրառուող եւ հրետանային բնոյթ
ունեցող հակակարկտային համակարգերի համեմատ էկոլոգիապէս անվտանգ է,
որովհետեւ նախկին համակարգերի արկերում կիրառւում էր արծաթի յոդիդ.
արծաթը եւ յոդը ծանր մետաղներ են:
Ա.Վարդանեանը պարզաբանեց, որ «Զենիթ»-ի հիմքում դրուած է
հեղուկ ացետիլենի պայթիւնից առաջացած մօտ 5 տոննա ուժգնութեամբ
ակուստիկ հարուածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել
մթնոլորտի 10-11 կմ բարձրութեան վրայ գտնուող շերտերը: Հարուածային
ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ
ջերմութիւնը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը
տարածւում է 1 000-1 500 մ/վրկ արագութեամբ եւ մօտ 1 կմ շառաւղով
հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պէտք է
դառնային կարկուտ:
Համակարգը կառաւարւում է օդերեւութաբանական ռադարով (որոշում
է կարկտաբեր ամպերի կոորդինատներն ու բարձրութիւնը) եւ GPRS
շարժական ինտերնետ կապի միջոցով: Մէկ ռադարով կարելի է կառավարել
100 կմ շառաւղով տեղակայուած կայաններ, որոնցից իւրաքանչիւրը
կարող է կարկուտից պաշտպանել 100 հեկտար տարածք: Համակարգի մշակման
վրայ աշխատել են ծանր մեքենաշինութեան, քիմիայի, էլեկտրոնիկայի,
հեռահաղորդակցության, ծրագրաւորման բնագաւառների գիտնականներ:
«Զենիթ»-ի մշակումն իրականացուել է ռազմական տեխնիկայի
յուսալիութեան ապահովման ստանդարտներին համապատասխան, ինչն ընձեռել
է շահագործման 20 տարուայ ժամկէտ սահմանելու հնարաւորութիւն: Ըստ
Ա.Վարդանեանի, «Զենիթ»-ի մշակման համար կիրառուել են շատ
նորամուծութիւններ, համակարգը ստացել է ՀՀ արտօնագիր:
Նա ընդգծեց, որ 2007-08թթ.-ին Շիրակի դաշտում «Բարվա»-ի 6
հակակարկտային կայանները կիրառուել են գրեթէ 100%-անոց
արդիւնաւէտութեամբ, այն տեպքում, երբ նախկինում այդտեղ տարեկան
մինչեւ 17 անգամ կարկուտ է տեղացել: «Զենիթ» համակարգեր են արդէն
գործում նաեւ Արմաւիրի մարզի Բաղրամեանի տարածաշրջանում, 2009թ.-ին
դրանք կտեղակայուեն նաեւ Արարատի մարզում: Ինչպէս Շիրակի մարզի,
այնպէս էլ այլ մարզերի պարագայում, կայանները կտեղակայուեն
Թուրքիային սահմանակից տարածքներում, քանի որ կարկտաբեր ամպեր քշող
քամիները Հայաստան են ներխուժում մեծամասամբ այդ երկրից:
«Բարվա»-ի նախագահը յաւելեց, որ հակակարկտային միջոցառումների
չիրականացման պայմաններում կարկուտների հետեւանքով Հայաստանի
գիւղատնտեսութեան կրած միջին տարեկան վնասը կազմել է 60-70 մլն
դոլար, այն դէպքում, երբ ամբողջ երկրով մէկ հակակարկտային
կայանների տեղակայման ծրագրի արժէքը 30 մլն դոլար է: Մէկ կայանի
արտադրութեան եւ տեղադրման գինը մօտ 9 մլն դրամ է (մօտ 30 հազար
ԱՄՆ դոլար)` 20% շահութաբերութեան հաշուարկով: Նա յայտնեց, որ
«Զենիթ»-ն օժտուած է նաեւ անձրեւաբեր հատկությամբ, որն ունի խորն
ուսումնասիրութեան կարիք: Նշուեց նաեւ, որ ներկայումս մշակւում է
նաեւ ցրտահարությունից բոյսերի պաշտպանութեան տեխնոլոգիա:
Ա.Վարդանեանը կարծիք յայտնեց, որ Հայաստանում հակակարկտային
նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի գիւղատնտեսական
ապահովագրական ծառայութիւնների ներդրմանը, քանի որ կարկուտի
ռիսկերը, գիւղատնտեսական այլ ռիսկերի համեմատ, աւելի մեծ են:
Նրա տուեալներով, բացի «Զենիթ» կայաններից, ներկայումս
Հայաստանում տեղակայուած են արգենտինեան արտադրութեան 30
հակակակրկտային կայաններ: «Բարվա»-ն իր հակակարկտային կայանքների
արտահանման հետ կապուած աշխատանքներ է տանում Վրաստանի, Լիբանանի,
Իրանի հետ:
Սեմինարին մասնակից ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան`
Կլիմայի փոփոխութեան միջազգային կոնվենցիայի իրականացման
պատասխանատու Արամ Գաբրիէլեանը նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի
միջոցով նախատեսւում է սկսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
համագործակցութիւն բնական վտանգաւոր երեւույթների վաղ ազդարարման
բնագաւառում, ինչը կնպաստի կարկտաբեր ամպերի աւելի վաղ
յայտնաբերմանը: